Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ:
ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում և կարևորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի նախագահը կարևոր համարեց հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին Ռիգայում և բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական համագործակցությունը: Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային և փոխշահավետ փոխգործակցության համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը առաջին տեղում է:
ԱԺ նախագահը և Լատվիայի վարչապետը ընդգծեցին, որ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լատվիական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես էլ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման համար: Ընդգծվեց նաև այդ ձեւաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին, կարևորեցին տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը: Երկուստեք ընդգծվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության վերականգնման արժեքներին, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ` նշելով, որ Լատվիայի հարևան երկրներ Լիտվան, Շվեդիան և Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Նոր Նախիջեւանի և Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ծավալվեց անկեղծ և անմիջական զրույց, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաև Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարեց նավահանգստում: Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ռիգայի ազատ գոտու գործունեւությունը և նավահանգստի կառավարման համակարգը:



