Ուկրաինայում ցանկանում են հարկել արտասահմանում հանգստացող քաղաքացիներին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զբոսաշրջության ու հանգստավայրերի գծով գործակալությունը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, ըստ որի՝ արտասահմանում հանգիստ անցկացնելու համար սահմանվելու է նվազագույն աշխատավարձի 1 տոկոսի չափ հարկ:
Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի զբոսաշրջային բիզնեսի առաջնորդների ասոցիացիան: Վերջինիս տվյալներով՝ տվյալ հարկի սահմանման դեպքում պետբյուջեն կհամալրվի ավելի քան 15 միլիոն գրիվենով (մոտ 2 միլիոն դոլարով):
Տուրօպերատորների գնահատականներով՝ ամեն տարի արտասահմանում իրենց հանգիստն է անցկացնում 1.3-1.5 միլիոն ուկրաինացի, որոնք գնում են զբոսաշրջային ուղեգրեր:
2013 թվականի ապրիլի 1-ից Ուկրաինայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1190 գրիվեն (մոտ 150 դոլար): Դրանով իսկ արտասահմանում իր հանգիստն անցկացնել ցանկացող յուրաքանչյուր ուկրաինացի կարող է պետական գանձարան փոխանցել 11.9 գրիվեն (մոտ 1.5 դոլար) կազմող զբոսաշրջային հարկ: