Րաֆֆի Հովհաննիսյան. Իշխանություններն ուշացել են Սուրեն Խաչատրյանի հարցում
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այս օրերին Միացյալ Նահանգներում է, անդրադարձել է նախօրեին Սյունիքի մարզում կատարված աղմկահարույց սպանությանը եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որոշմանը` ժամանակավորապես թողնել պաշտոնը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին ընդդիմադիր գործիչը հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններն ուշացել են այս հարցում։
«Պահանջներից մեկը, որ հայ ժողովուրդն առաջադրել է ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ հետո հրապարակային հավաքների ընթացքում, ոչ միայն ազգային խնդիրների լուծումն է, այլեւ ընտրակեղծարարներին օրինական պատժի ենթարկելը: Բազմաթիվ մարզպետներ, այդ թվում Սյունիքի մարզպետը ներգրավված են եղել ընտրությունները կեղծելու, վարչական ռեսուրսի չարաշահման մեջ` հարկադրելով մարդկանց քվեարկել այս կամ այն կերպ: Մենք նախկինում արդեն իսկ պահանջել ենք, որպեսզի նա պաշտոնակ արվի: Շատ վատ է որ դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ մարդ սպանվեց», – ասել է Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սուրիկը Խաչատրյանը հեռակա բանավեճի մեջ են. «ժառանգության» առաջնորդը մի քանի հետընտրական հանրահավաքներ է անցկացրել Սյունիքի մարզում` պահանջելով Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: Մարզպետն իր հերթին բավական կոշտ է արտահայտվել Հովհաննիսյանի հասցեին եւ սպառնացել՝ «Հայաստանի աչքի առաջ գլուխը ջարդել օձի գլխի պես»:
Միացյալ Նահանգներում գտնվող ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ եթե գործող վարչակազմը ժամանակին քաղաքական կամք ունենար, ստիպված չէր լինի արձագանքել բռնության այսպիսի փաստի։
«Սա արտացոլումն է հասարակական ճնշման եւ այն իրողության, որ մարդիկ այլեւս չեն հանդուրժելու այս վիճակը: Առաջիկայում կարող ենք ականատես լինել առավել կազմակերպված եւ համակողմանի հասարակական արձագանքի», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ամբողջական հրապարակումը՝ «Ազատություն» ռադիոկայան