«Ես չեմ աջակցել. Նիկոլը կոռեկտությունից ելնելով՝ իմ անունը չի գրել»

«Ես չեմ աջակցել: Նիկոլը կոռեկտությունից ելնելով՝ իմ անունը չի գրել: Բայց իր նախաձեռնության հիմքում կանանց ստորագրությունն էր: Որի տակ չեմ ստորագրել, որովհետեւ վիրավորական էր, որ Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Զարուհին Փոստանջյանը պետք է ստորագրեին, որից հետո նոր պետք է դիմեր ինձ: Ինչո՞ւ պետք է վերջում իմանամ, որ մեր խմբակցության անդամը նման նախաձեռնությամբ է հանդես եկել եւ որի տակ առաջինը իմ ստորագրությունը չէ: Ես իրեն դա ասացի ու կարծում եմ` ինքը հասկացավ»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` բացատրելով, թե ինչու ՀԱԿ խմբակցությունը չի աջակցել Նիկոլ Փաշինյանի` Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությանը: Մեր հարցին, այսինքն՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ չդրվեց ներքին տարաձայնությունների ու ամբիցիաների պատճառո՞վ, տիկին Սարգսյանն ասաց. «Դա խմբակցության ներսում քննարկված նյութ է, որը չեմ կարծում` իրավունք ունեմ վեր հանելու: Իհարկե ամբիցիաների հարց չէ: Խմբակցությունը դեմ էր ոչ թե փոխհատուցմանը, այլ խնդիրը վերաբերում էր նրան, որ «Մարտի 1-ի» հանձնաժողովը ստեղծման փուլում էր: Մենք հույս ունեինք, որ, ամեն դեպքում, այն կստեղծվի եւ արդյունքում փոխհատուցումը կլինի ոչ թե տարիների ընթացքում, այլ միանվագ` 1 միլիոն դոլարի չափով: Եթե այդ նախաձեռնությանը ընդառաջ գնայինք, այլեւս կարող էինք չակնկալել, որ հանձնաժողով կստեղծվի եւ, որի արդյունքում միանվագ բոլոր տուժածները կստանան այդ չափով գումարը: Կարծում եմ, որ Նիկոլը դա չպետք է քննարկեր բոլոր խմբակցությունների հետ, հետո նոր ՀԱԿ-ի հետ: Դա իր սխալն էր ու անընդունելի էր խմբակցության համար: Իսկ որ գերադասել էր բոլորի հետ քննարկել, վերջում տեղյակ պահել խմբակցությանը, չէր կարող փոխըմբռնման արժանանալ եւ արդյունքում չէին կարող համաձայնեցված լինեին մեր քայլերը»: Մեր դիտարկմանը, բայց հանձնաժողովն այդպես էլ չստեղծվեց, տիկին Սարգսյանը շարունակեց. «Ավելի իրատեսական էր հանձնաժողովի ստեղծումը, քան այդ նախաձեռնության անցկացումը: Հասկանալով, որ այդ նախաձեռնությունը, այսպես թե այնպես, չի անցնելու, դա կարող էր խանգարել հանձնաժողովի ստեղծմանը… չեմ բացառում, որ այլ բնույթի ու նմանատիպ նախաձեռնությամբ հանդես կգանք: Բայց պետք է հասկանալ` որքանով է այդ նախաձեռնությունը հնարավոր կյանքի կոչել: Հերթական անգամ նախաձեռնել մի բան, որին դեմ են քվեարկելու: Բայց տեսնենք, եթե այդ հնարավորությունը լինի, նման կարգի նախաձեռնությամբ ՀԱԿ-ը հանդես կգա»: Նա նաեւ հավելեց, որ Ն. Փաշինյանի նախաձեռնության տակ ստորագրած պատգամավորները լավ հասկանում էին, որ այն կյանքի չի կոչվելու. «Չեմ բացառում, որ խորհրդակցել էին իրենց խմբակցությունների հետ: Իսկ դա մեծամասնություն է: Իրենց ստորագրությամբ միգուցե հաշվարկել էին, որ դրա արդյունքում պետք է խափանվի հանձնաժողովի ստեղծումը, եւ գործը չհասնի ԱԺ քննարկմանը, որի արդյունքում ՀՀԿ-ն հիմարագույն վիճակում հայտնվեց, հետ կանգնեց իր խոստումից: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ քաղաքական կամքի դեֆիցիտ գոյություն ունի»:

Aravot.am

Տեսանյութեր

Լրահոս