Ուսուցիչները չէին ստանում նախատեսված աշխատավարձը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ուսուցիչների վարձատրության խնդիրներին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
* * *
Վերջերս Հանրապետության տարբեր կրթական հաստատությունների ուսուցիչներ պարբերաբար դիմում էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նրա միջամտությունը իրենց աշխատանքային դրույքին համապատասխան աշխատավարձ ստանալու հարցում:
Որոշ ուսումնական հաստատություններում հաշվարկելու սխալ մեխանիզմների հետևանքով կես դրույքից մինչ մեկ լրիվ դրույք ընկած հատվածում ցանկացած դասաժամի դեպքում տրամադրվում է կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեցողի համար նախատեսված գումար: Հետևաբարար, այն ուսուցիչները, ում դասաժամերի քանակը ավել է կես դրույքից, սակայն չի հասնում մեկ դրույքի, ստանում են կես դրույքի համար նախատեսված աշխատավարձ:
Այսպիսով, խախտվում է ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Կարգը և Սոցիալական փաթեթով սահմանված կոնկրետ դասաժամերի վերաբերյալ համապատասխան հատկացումների չափը որոշ ուսումնական հաստատություններում չի պահպանվում:
Այս առիթով Պաշտպանը դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն ՝ առաջարկելով վերացնել սոցիալական փաթեթի շահառուներին, այդ թվում՝ ուսուցիչներին տրամադրվող գումարների ոչ ամբողջական հատկացնելու պրակտիկան և համապատասխանեցնել այն Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Կարգի պահանջներին:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Պաշտպանին հայտնել է, որ իրենք գրությամբ դիմել են համապատասխան լիազոր մարմիններին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին Պաշտպանի կողմից մատնանշված բացթողումները շտկելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ Սոցիալական փաթեթով նախատեսված կարգավորումների սխալ մեկնաբանումը հանրակրթական դպրոցներում կհստակեցվի և համապատսախանաբար կվերացվի: