Սպանված կուրսանտի բնակարանում զինվորականները խիստ հսկողություն են սահմանել և արգելում են, որ լրագրողները կամ իրավապաշտպանները որևէ բան իմանան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի մահվան հանգամանքների մասին ոչ մի լրագրող և իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ ոչինչ իմանալ կամ ճշտել չի կարող, քանի որ հանգուցյալ կուրսանտի բնակարանում խիստ հսկողություն են սահմանել պաշտոնյաները: Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակից: Իրավաբան Արմինե Սադիկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց, որ անգամ հարևանների հետ զրուցել չի հաջողվել նրան, քանի որ սահմանված խիստ հսկողության պայմանների նպատակը մեկն է, որ ոչ ոք ոչ մի ինֆորմացիա չասի ո´չ լրագրողներին, ո´չ իրավապաշտպաններին:
«Ես անձամբ եղել եմ այնտեղ, բացարձակ հնարավոր չէր որևէ բան որևէ մեկի հետ խոսել: Որովհետև որևէ հարազատ չէր ցանկանում որևէ մի բառ փոխանակել, որովհետև այդտեղ բարձրաստիճան զինվորականներ էին ու չէին թողնում, որ որևէ մեկը որևէ բառ խոսի: Նույնիսկ հարևանները չէին խոսում, կնոջը տարան, մի փոքր մի բառ անգամ չկարողացանք իմանալ, նույնիսկ հեռախոսահամար չհասցրեցի վերցնեմ, անձամբ եմ գնացել»,-ասաց Արմինե Սադիկյանը:
Նրա խոսքերով` նույնիսկ Վանաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, այլ պաշտոնյաներ այնտեղ են և շրջում են նաև բնակարանի մոտ, որպեսզի դրսից եկեղ որևէ մարդ որևէ բան չկարողանա խոսել:
«Ուղղակի բոլոր պաշտոնյաները այնտեղ էին՝ քաղաքապետ, փոխքաղաքապետ, թեմի առաջնորդն էր, զինկոմ, լիքը պաշտոնյաներ էին՝զինվորական և ոչ զինվորական, այնտեղ էին անընդհատ: Անընդհատ հսկողություն էին սահմանում, որ հանկարծ հարազատները որևէ մեկի հետ չխոսեն: Ոչ մեկի հետ չեն խոսում: Չեմ կարող ոչ մի բան ասել, եզրահանգում անել, ուղղակի շատ տարօրինակ պահվածք է»:
Արմինե Սադիկյանի խոսքերով` շատ հարցեր կան, որ բաց են մնում և անպատասխան:
«Չգիտեմ, հարց է՝ ինչ զենք պիտի լինի կուրսանտի մոտ, ասենք` կուրսանտի մոտ զենք լինում է, չի լինում, ինչի՞ պիտի լիներ զենք, ի՞նչ վիճաբանություն է եղել: Որևէ բան չեմ կարողացել իմանալ: Ամբողջը, որ իմացել եմ, այն է, որ մայրը լացելով ասում էր, թե վիճել են, ասել են արագ քայլի, ինքը ասել է՝ չեմ քայլում, ասել է, որ չես լսում՝ կկրակեմ ու կրակել է: Այսքանն էր, որ մոր լացից հասկանում էինք: Նույնիսկ ներկա կուրսանտների հետ փորձում ենք կապի մեջ մտնել, բոլորը հրաժարվում և նույն բանն են ասում, որ գործը քննության է ուղարկված և որևէ բան չենք կարող ասել: Խիստ հրահանգավորում էր բոլորին, հետևում են` օտար մարդ չգա և որևէ բան չասի: Բառի բուն իմաստով՝ հարևանի թևերից երեք հոգով բռնել և տարել են, որ չխոսի ինձ հետ»:
Հիշեցնենք, որ մահացողը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող է՝ Սիփան Մովսիսյանը: Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի և երկու եղբայների հետ` ծանր սոցիալական պայմաններում: Նրա եղբայրներից մեկը ներկայումս ծառայում է Լեռնային Ղարաբաղում: