Բակո Սահակյան. «Դեռևս 2 տարի առաջ եմ լսել ԱԻՆ-ում կատարվող աշխատանքների մասին»
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրան դիմավորեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։
Հանդիսավոր ընդունելության կապակցությամբ հրապարակում շարված հրշեջ-փրկարարական անձնակազմի ողջունից հետո ԼՂՀ նախագահը, նախարար Ա. Երիցյանի ուղեկցությամբ, մոտեցավ ծանոթանալու ԱԻՆ տեխնիկական զինվածությունը ներկայացնող ցուցադրությանը։
Այնուհետև մեկնարկեց ցուցադրական ուսումնավարժությունը։ Ըստ սցենարի` բազմահարկ շենքում տեղի էր ունեցել գազի արտահոսք և պայթուն: Պայթունի հետևանքով փլուզվել են շենքի աստիճանավանդակներն ու տանիքը, վերին հարկերում հրդեհ էր բռնկվել։ Կային պայմանական տուժածներ և անհրաժեշտ էր իրականացնել անհետաձգելի փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ:
Վարժանքը դիտելուց հետո ԼՂՀ նախագահը շրջեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պոլիկլինիկայում և ծանոթացավ ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Ներկա գտնվելով ԱԻՆ ղեկավար կազմի խորհրդակցությանը` Բակո Սահակյանը մասնավորապես ասաց.
– Ես արդեն մի քանի անգամ հանդիպել եմ Ա. Երիցյանին ու քննարկել համագործակցության տարբեր ծրագրեր։ Ինչպես գիտեք` Արցախն ամեն օր է արտակարգ իրավիճակում և մեր տարածքային պաշտպանության պլանի համաձայն` արտակարգ իրավիճակների ծառայութունները մեր անվտանգության անբաժան մասն են կազմում։ Դեռևս 2 տարի առաջ եմ լսել ԱԻՆ-ում կատարվող աշխատանքների մասին, տեսնում եմ, թե ինչ բարձր մակարդակի է հասել նախարարությունը և խիստ շահագրգռված եմ, որ Լեռնային Ղարաբաղում ևս պատրաստվածության նման մակարդակ ապահովվի։ Այս հանդիպումը նախադրյալներ է ստեղծում ավելի սերտ աշխատանքի համար։ Կարծում եմ, որ մենք միասին իրականացնում ենք մի ծառայություն, որն ուղղված է անվտանգության ապահովմանը։ Մենք մեր համեստ ծառայությունն ենք մատուցում մեր մայր հայրենիքին` Հայաստանին։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը, շնորհակալություն հայտնելով ԼՀՂ նախագահին, նշեց.
– Այս այցն առավել պարտավորեցնող է մեզ համար։ Մեր համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և մենք պիտի ամեն ինչ անենք, որ ԼՂՀ արտակարգ իրավիճակների ծառայությունները լինեն նույն մակարդակի վրա, որը տեսնում եք այստեղ։ ԼՀՂ փրկարար ուժերը հաճախ են մասնակցում այստեղ անցկացվող ուսումնավարժություններին, և պայմանավորվածության համաձայն`շուտով համատեղ վարժանք կկազմակերպենք նաև Արցախում։ Մի քանի ամսվա ընթացքում ճգնաժամային կառավարման կենտրոն կհիմնվի նաև Լեռնային Ղարաբաղում, որը մշտական օնլայն կապի մեջ կլինի ԱԻՆ ՃԿԿ-ի հետ։
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։ 2012 թ. ՀՀ ԱԻ նախարարությունը 2 մեքենա է նվիրել ԼՂՀ իր գործընկերներին: Դրանցից մեկը հատկացվել է տեղի փրկարար ծառայությանը: Այն «Ուրալ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա է, որը կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքի մեջ հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։ Ավտոմեքենան ունի 15 նստատեղ, սրահի ջեռուցման առանձին համակարգ, թեյի և սուրճի պատրաստման էլեկտրական սարքավորում, ջրի տարա, փրկարարական տարբեր գործիքներ, դեղորայք և տաք ծածկոցներ: Մյուսը` «Նիվա» մակնիշի մեքենա է` տեխանվտանգության կենտրոնի համար, որը կարող է օգտագործվել նաև որպես փորձաքննությունների շարժական լաբորատորիա։
Այս անգամ ՀՀ ԱԻ նախարարությունը ԼՂՀ փրկարար ծառայությանը նվիրեց «ԶԻԼ-131» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա և 2 էլեկտրական ենթակայան։
ԼՂՀ ՓԾ տնօրեն, գնդապետ Արթուր Հարությունյանի խոսքերով` արտակարգ իրավիճակների նախարարությունում արտակարգ է ամեն ինչ.
– Մենք միշտ էլ համագործակցել ենք նախարարության հետ, իսկ հիմա ավելի սերտ պիտի աշխատենք։ Տեսնում ենք, որ տեխնիկական բազան զգալիորեն թարմացել է, կա ժամանակակից ճգնաժամային կառավարման կենտրոն, աշխատանքի լավ պայմաններ, որոնք նպաստում են արդյունավետության բարձրացմանը։ Մեր ծառայությունն էլ հագեցած է գրեթե նույն միջոցներով, որը բավարարում է լիարժեք աշխատելու համար, իսկ ԱԻՆ-ը մշտապես աջակցում է մեզ։ Առաջիկայում նախատեսում ենք համատեղ վարժանք անցկացնել, որը կօգնի ավելի բարձրացնել մեր մասնագետների պատրաստվածությունը։