Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չէր ներկայացել բյուջեի կատարողականի քննարկմանը

«Բյուջեից 46 մլրդ է հատկացվում Երևան քաղաքին, ինչո՞ւ ձեր ղեկավարը չի ներկայացնում կատարողականը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման հարցադրում ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին:

Փաշինյանը նաև նշեց, որ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար, ասվում էր, թե քաղաքի ճարտարապետական տեսքը աղճատվել է, առաջացել են ստվերներ, որոնք խախտում են դոմինանտության կանոնները. «Ինչո՞վ էիք զբաղվում Դուք անձամբ և Նարեկ Սարգսյանը»:

Նիստը նախագահող Հովհաննես Մարգարյանն ընդմիջեց, թե հարցը թեմային չի վերաբերում, ինչին Փաշինյանը հակադարձեց. «Նախագահությունում նստելը դեռ չի նշանակում, որ ավելի լավ պատկերացում ունեք բյուջեի կառուցվածքի մասին»:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն իր հերթին հայտարարեց, թե Երևանի քաղաքապետը որևէ առիթ կամ պատճառ չունի բյուջետային քննարկումներին չմասնակցելու, բայց այսօր հարգելի պատճառով չէր կարող մասնակցել, և ինքն է լիազորվել:

Հրապարակի հետ կապված՝ Արեյանը նշեց, որ մրցույթը մշակվել է մոտ երկու տարի առաջ և նպատակ է հետապնդել ոչ թե բառի բուն իմաստով վերակառուցում, այլ ստորգետնյա և տրանսպորտային անցումների շուրջ հայեցակարգ է մշակվել. «Մրցույթի նպատակն է ընդամենը առաջարկների ներգրավումը: Գուցե վերնագիրն է սխալ»:

«Մտավախություն կա, որ քանի որ հրապարակի հետևի շենքերը բարձրացել են, փորձ կարվի, կառավարության շենքի թմբուկի պահն էլ հաշվի առնելով, հրապարակի շենքերը բարձրացնել»,- նկատեց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս