Վրացական հեռուստաընկերությունը Սաակաշվիլիին մեղադրել է պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ
Грузия-Online-ի փոխանցմամբ՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը նոր փաստաթղթեր է հրապարակել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից ոչ նպատակային ծախսերի մասին: Խոսքը մասնավորապես գնում է Նյու Յորքի կլինիկաներից մեկում (կնճիռները հարթեցնող) բոտոքսի ներարկումների մասին:
Առաջին դեպքը թվագրված է 2009 թվականի փետրվարի 23-ին, այն արժեցել է 5600 դոլար, իսկ երկրորդը՝ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին՝ 5800 դոլար: Այդ գումարները ծախսվել են պետական պահպանության հատուկ ծառայության բյուջեից: Մինչև վերջերս այդ ծառայությունը վերահսկում էր նախագահը:
Բացի այդ, Սաակաշվիլին նույն ծառայության բյուջեի միջոցներով 9000 դոլարով գնել է ամերիկացի մերկ դերասանուհու (անունը չի նշվում) դիմանկարը, ինչպես նաև «Ռեդիսոն» հյուրանոցում վճարել է ամերիկացի բիզնես-լեդի Քրիստինա Վուսավայի իջևանելու գումարը՝ 4500 դոլար:
Վրաստանի դատախազության մամլո ծառայության ղեկավար Խաթունա Պաիչաձեն հայտարարել է, որ բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման գործով տարվում է հետաքննություն: Նա չի բացառել, որ նախագահին կարող են կանչել հարցաքննության՝ հավելելով, որ դա արգելված չէ օրենքով:
Այս տարվա սկզբին պետական պահպանման հատուկ ծառայության վերահսկողությունն անցավ վարչապետին, ինչից հետո սկսվեցին հրապարակվել նախկինում գաղտնիացված փաստաթղթերը:
Մասնավորապես, հաղորդվել է, որ 2013 թվականին նախագահը, նրա գործընկերներն ու ընկերները Նոր տարին նշել են Դուբայում, ինչի վրա ծախսել են մոտ 150.000 դոլար: Բացի այդ, Սաակաշվիլին իր մերձավորներին նվերներ է արել տվյալ ծառայության բյուջետային միջոցներով: