Բաժիններ՝

Dasaran.am-ի շնորհիվ 13%-ով բարձրացել է աշակերտների առաջադիմությունը, և 22%-ով նվազել են բացակայությունները

Dasaran.am-ի շնորհիվ 13%-ով բարձրացել է աշակերտների առաջադիմությունը, և 22%-ով նվազել են բացակայությունները: Այս մասին այսօր «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարեց Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ նշելով, որ այս եզրակացությանն են հանգել վերջերս իրականացված վերլուծական աշխատանքների շնորհիվ: Ըստ Ս. Ալոյանի՝ նշյալ արդյունքները՝ 13%-ով աշակերտների առաջադիմության բարձրացումը և 22%-ով բացակայությունների նվազումը, դիտվում է այն աշակերտների շրջանում, որոնց ծնողները  պարբերաբար հետևում են իրենց աշակերտների առաջադիմությանն ու բացակայությանը Dasaran.am-ի միջոցով:

«Սա խոսում է այն մասին, որ ծնողները ստացել են վերահսկման մի նոր համակարգ, որը օգնում է նրանց տեսնել, թե իրենց երեխան բացակայել է, թե՝ ոչ»,- ասաց Ս. Ալոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Երևանի քաղաքապետականին ի դեմս իրենց ղեկավարների վստահելու, հավատալու և հնարավորություն ընձերելու այս ծրագիրը իրականացնելու համար: Ս. Ալոյանը հատուկ շնորհակալութուն հայտնեց նաև դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին՝ ծրագրի մասնակցելու և բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելու համար՝ սկսած համակարգչային գիտելիքներից մինչև համակարգիչների ձեռքբերում:

Միջոցառման ներկա էր նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախ ընթերցեց վարչապետի ուղերձը: Ըստ Ա. Աշոտյանի՝ ծրագրի աշխատանքի հետևում կանգնած է նախաձեռնողականություն, հավատ, մարդիկ ունեն գաղափարներ և պատրաստ են այդ գաղափարների համար իրենց կյանքից հատկացնել համապատասխան ժամանակահատված:

«Ակնհայտ է, որ այս կայքը սովորական կայք չէ, սա մի կրթական էլեկտրոնային գործիք է, որը առանց ամաչելու կարելի է ներկայացնել կրթական ամենաառաջադեմ միջազգային հանրույթներում: Սա գիտական- կրթական-տեղեկատվական արդյունք է, արգասիք, որը կարելի է, ինչու չէ, նաև վաճառել արտաքին աշխարհում և Հայաստանի կրթական համակարգում արդեն սովորական դարձած այս միջավայրը հասանելի դարձնել նաև եվրոպական երկրներում»,- ասաց Ա. Աշոտյանը՝ նշելով, որ իրականում նման հեռանկար կա, որի մասին խոսել են նաև dasaran.am-ի ղեկավարության հետ:

Նշենք, որ «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթին մասնակցել են Dasaran.am կրթական ծրագրին միացած բոլոր 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է համարում էլեկտրոնային մատյանը՝ ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը: Մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները ստացան բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ համակարգիչներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր:

Հիշեցնենք, որ Dasaran.am 2009թվականից գործող ծրագրի առաքելություննն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը՝ այս պահին ունենալով ավելի քան 274 939 գրանցված աշակերտ և նույնքան ծնող, 757 տնօրեն և 28.631 ուսուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս