Ինչ պատահեց, երբ բացակա ուսանողին գնահատականներ նշանակեցին

asparez.am-ի փոխանցմամբ՝ մոտ 1-2 ամիս առաջ մամուլը ողողվեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի բացակա ուսանողի բարձր գնահատականներ ստանալու մասին լուրերով: Դրանից հետո Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ  անդրադարձավ մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանի՝ պաշտոնական դիրքը չարաշահելու եւ բացակա ուսանողներին գնահատական նշանակելու հարցին: Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե մանկավարժական ինստիտուտի հետ կապված՝ երկու քրեական գործ է հարուցվել: Թե այս պահին ի՞նչ փուլում է գտնվում ինստիտուտի հետ կապված գործը, ովքեր են դրանում ներգրավված՝ փորձեցինք պարզել Շիրակի մարզի քննչական վարչությունից:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ի մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ կայքի թղթակցի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանն ու հավելել է, որ մանկավարժական ինստիտուտի հետ կապված իրենց մոտ գտնվում է մեկ գործ: Գործը նախաքննության փուլում է՝ ասաց Ա.Երիցյանն եւ ավելացրեց, որ այլ մանրամասներ հաղորդել չի կարող, իսկ որևէ դասախոսի անուն նա չնշեց: Իմ այն հարցին, թե  հնարավոր է արդյո՞ք գործի քննության ընթացքում մի քանի դասախոսների նկատմամբ գործ հարուցվի՝ Ա.Երիցյանն ասել է. «Այսօր դեռ չի երեւում»:

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւս նշել է, որ մանկավարժական ինստիտուտի հետ կապված մեկ գործ է հարուցվել, որը առնչվում է  օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի ռուսաց լեզու եւ գրականություն բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանին բացակայությունների ժամանակ նշանակված բարձր գնահատականների փաստին: Հ.Սուքիասյանի մայրը մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզու եւ գրականություն ամբիոնի վարիչն է՝ Կարինե Սուքիասյանը: Ինչպես նշեց Վ.Գրիգորյանը՝ ուսանողը թունավոր հղիություն է տարել եւ, առողջական վիճակի վատթարացման պատճառով, տեղափոխվել է Մոսկվա, իսկ մայրն իր գործընկերներին խնդրել է՝ առանց երեխայի ներկայանալու, գնահատական նշանակել: Այս փաստի բացահայտումից օրեր անց աշխատանքից ազատվեցին օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականույշ Գրիգորյանը, այդ ուսանողուհու մայր, ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, իսկ գնահատականներ նշանակած 7 դասախոսներ ստացան խիստ նկատողություն: Վ.Գրիգորյանի վստահեցմամբ՝ ուսանողուհուն նշանակված բոլոր գնահատականները չեղյալ են համարվել, եւ նա հեռացվել է ինստիտուտից:

– Մարզի դատախազը, որ հիշատակեց մանկավարժության ֆակուլտետի դասախոսի անուն ազգանունը՝ դա էդ նույն գործի մեջ է: Հակոբյան Լիզան այն 7 դասախոսներից մեկն է, որը այդ ուսանողին նշանակել է ստուգարք: Դա ոչ թե առանձին գործ է, այլ նույն գործի շրջանակներում էդ դասախոսի նշանակած գնահատականի համար է,-ավելացրեց Վ.Գրիգորյանը:

Դասախոսների աշխատանքից ազատելու հետ կապված մանրամասներ ներկայացնելով՝ Վ.Գրիգորյանը նշեց, որ Սիրանույշ Գրիգորյանի ազատվել է դեկանի պաշտոնից, բայց որպես դասախոս առաջարկվել է մեկ դրույք դասաժամ, որից արդեն նախկին դեկանը հրաժարվել է: Դեկանի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու համար հրաման տրվել է փոխդեկան Սիլվա Գրիգորյանին, սական վերջինս եւս աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել. «Սիլվա Գրիգորյանը, Անահիտ Միրիջանյանը եւ Անուշ Սարգսյանը իրենք են իրենց դիմումները բերել ազատվելու համար, որեւէ մեկը իրենց չի առաջարկել ինստիտուտից ազատվել, Սահականույշ Գրիգորյանը եւս ազատվել է աշխատտանքից իր դիմումի համաձայն: Կրկնում եմ՝ ռեկտորը ոչ մեկին չի ազատել աշխատանքից, իրենք ազատվել են իրենց դիմումի համաձայն»:

Վ.Գրիգորյանի տեղեկացմամբ՝ մեկ կիսամյակի ընթացքում ուսանողը ուսումնական պլանով բակալավրիատում մի կիսամյակի ընթացքում ամենաշատը 9 առարկա է անցնում, իսկ մագիստրատուրայում՝ ավելի քիչ:  Ըստ ներքին կանոնադրության՝ 30 ժամ բացակայելու դեպքում ուսանողը ստանում է զգուշացում, 60 ժամի դեպքում՝ նկատողություն, 90 ժամի դեպքում խիստ նկատողություն, իսկ 120 ժամի դեպքում՝ հեռացվում է ինստիտուտից: Վ.Գրիգորյանի վստահեցմամբ՝ վերը նշված ուսանողի բացակայությունների մասին ինքը տեղյակ չի եղել, իմանալուց հետո կիրառվել են բոլոր պատժամիջոցներն, ու ուսանողը հեռացվել է ինստիտուտից:

Տեղի ունեցածից հետո այդ ֆակուլտետի մի քանի որակյալ մասնագետներ դուրս են եկել աշխատանքից, իսկ թե այսօր ի՞նչ վիճակում է գտնվում ֆակուլտետը՝ փորձեցինք պարզել ռեկտորից, ով մեզ հետ զրույցում նշել է, թե անփոխարինելիության խնդիր չկա, ֆակուլտետում աշխատանքը շարունակվում է բնականոն հունով եւ ավելացրել է.

– 4 դասախոս, իհարկե, ազատվել են աշխատանքից, բայց այդ 3 դասախոսը միասին ծանրաբեռնված են եղել 1 դրույքով. Սահականույշ Գրիգորյանը, լինելով ֆակուլտետի դեկան, 0.25 դրույքով է ծանրաբեռնված եղել, Սիլվա Գրիգորյանը, լինելով փոխդեկան, էլի 0.25 դրույքով, Միրիջանյան Անահիտը՝ 0.5 դրույքով: Իսկ Անուշ Սարգսյանը պարապել է մեկ դրույք: Իհարկե, մասնագիտական որակների մասին որեւէ բան չունեմ ասելու, բայց կրկնում եմ՝ 3-ը միասին, որպես դասախոս, ունեցել են ընդամենը մեկ դրույք:

Մանկավարժության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանը իր գործունեությունը շարունակում է ինստիտուտում՝ վստահեցնում է Վ.Գրիգորյանը և շարունակում. «Իրենք ստացել են իրենց պատիժը, ստեղ ոչ կոռուպցիա կա, ոչ բան, ուղղակի իրենց գործընկերը խնդրել է, իրենք էլ հավատացել են: Այսօր ուսանողուհու մայրը՝ Կ.Սուքիասյանը բարձրաձայնում է, որ ինքը տեղյակ չի պահել, որ երեխան հանրապետությունում չէ»:

Որ հանրապետությունից բացակայող եւ բարձր գնահատականներ ստացող ուսանող ունեն, Վ.Գրիգորյանը, իր հավաստմամբ, իմացել է ստացված հեռախոսազանգի միջոցով: Իսկ մեր ունեցած տեղեկություններով, այդ ամենը բացահայտվել է ուսանողներից մեկի կողմից, ով ռոտացիայի արդյունքում վճարովի համակարգից անվճար տեղափոխվելու խնդրի առաջ է կանգնած եղել:

-Ես չգիտեմ, ինձ զանգել են քաղաքային հեռախոսով:Կարող է ուսանողի բարեկամ, ծնող է զանգել, չեն ներկայացել: Հասմիկ Սուքիասյանը բակալավրիատը գերազանց ավարտելու արդյունքում արդեն հրամանագրվել է պետպատվերի ուսանող: Ամեն տարի լինում է ռոտացիա՝ կարող է վճարովի համակարգում լավ սովորող ուսանողը իր գրանցած արդյունքների համար տեղափոխվի անվճար համակարգ:

Չի բացառվում, որ ուսանողը պայքարել է վճարովի համակարգից անվճար տեղափոխվել ու տեսել, որ ուսանողը չկա՝ ահազանգել է այդ մասին: Ամեն քննությունից հետո ամփոփաթերթիկը փակցվում է հայտարարության տախտակին, կարող է նույն կուրսի ուսանողները կամ այդ ուսանողը եկել տեսել է, որ Հ.Սուքիասյանը չի մասնակցել, բայց ստացել է գնահատականներ, այն էլ՝ բարձր, ու բարձրաձայնել է իր դժգոհությունը:

Այս ամենից հետո ստուգումներ բոլոր ֆակուլտետներում իրականացվել եւ ամեն օր իրականացվում են՝ ասում է Վ.Գրիգորյանն ու հավելում, որ բացակա ուսանողներ կան, եւ եթե թույլատրելի բացակայությունների սահմանը հատում է՝ հեռացվում են. «Տարեկան ինստիտուտից հեռացվում է 80-100 ուսանող, բայց ոչ վարձավճարի պատճառով»:

Օտար լեզուների Ֆակուլտետի դեկանի պաշտոնը այսօր ժամանակավորապես զբաղեցնում է Հովիկ Մելքոնյանը, ով նախկինում աշխատել է մանկավարժության ֆակուլտետի դեկան, իսկ օտար լեզուների ֆակուլտետի ամբոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում է Էվելինա Մաթեւոսյանը: Վ.Գրիգորյանը նշեց, որ դեկանն ընտրովի պաշտոն է, այդ պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի մինչեւ սեպտեմբեր: Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Հովիկը Մելքոնյանը հայոց լեզվի մասնագետ է, իսկ թե ինչքանո՞վ է դա համապատասխանում օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցնելուն՝ Վ.Գրիգորյանը պատասխանել է.

– Դեկանի աշխատանքը համարվում է վարչական աշխատանք, կապ չունի մասնագիտությունը: Ըստ նախկին կարգի, եթե տվյալ դասախոսը այդ ֆակուլտետում ծանրաբեռնված է 0.25 դրույքով, իրավունք ունի դեկանի պաշտոն զբաղեցնել, հիմա դա էլ չկա, չի նշվում, որ անպայման այդ ֆակուլտետից պետք է լինի դեկանի պաշտոն զբաղեցնողը, չկա նման բան:

asparez.am

Տեսանյութեր

Լրահոս