Բաժիններ՝

«Բա որ «ատկատները» չլինեին, ինչքա՞ն աճ կլիներ». պատգամավորի հարցը՝ Տիգրան Սարգսյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այսօր ԱԺ-ում 2012 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ երկրում արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ: ԳԱԼԱ-ի լրագրողը կարծիք է հարցրել Ժառանգություն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից, թե որքանո՞վ է արդյոք տեսանելի այդ աճը շարքային քաղաքացու համար: «Բնականաբար, եթե զգայինք մեր վրա, որ աճ է տեղի ունեցել, կարելի է ասել, հաճելի կլիներ: Շատ ժամանակ տեղի են ունենում ինչ-որ բարելավումներ, բարեփոխումներ, որոնք դժվար թե մեկ օրվա ընթացքում կամ մեկ տարվա մեջ նույնիսկ շոշափելի լինեն, բայց դրանք չպետք է, այնուամենայնիվ, մատուցվեն այնպիսի իմաստով, որ միայն ու միայն հաջողություններ են եղել»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավորը:

Վերջինս հիշեցրել է նախորդ տարի Կառավարությունում հրավիրված խորհրդակցությունը, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը անխնա քննադատության ենթարկեց Կառավարության գործունեությունը: «2012-ին մենք հիշում ենք, թե ինչպես էին բոլորը քննարկում «ատկատների» մասին, քանի գործեր եղան, որտեղ նույնիսկ ձերբակալություններ եղան չարաշահումների խնդիրներով: Ես ավելի շատ հարցը այսպես կդնեի. իսկ եթե դրանք չլինեին, ամեն ինչ լավ լիներ, ինչքան կլիներ այս աճը, եւ եթե այս հարցի պատասխանը մենք գտնենք, միգուցե ավելի լավ կընկալենք, թե որն է այն գինը, որը մենք վճարում ենք այդ չարաշահումները եւ ստվերում տնտեսություն պահելու շրջանակը»,- ասել է Ժառանգություն խմբակցության պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս