Բաժիններ՝

Լյուքս Ստեփանյանի դասընկերը՝ նրա մասին. «Շատ հանգիստ, շատ նպատակասլաց, երազանքներ ունեցող տղա էր»

«Երազում էր սովորել Ոստիկանական ակադեմիայում: Իր ընդունվելու տարում նոր օրենք դուրս եկավ, որ Ոստիկանական ակադեմիայում կարող են սովորել միայն նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում: Երբ նա արդեն 18 տարեկան էր, նրան կանչեցին զինկոմիսարիատ և ասել էին, որ նա սրտի անբավարարության պատճառով պիտանի չէ ծառայության: Ծնողներից թաքուն գնացել, ասել է, որ ինքը ցանկանում է կամավոր ծառայել, որպեսզի սովորի Ոստիկանական ակադեմիայում»,- Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի մասին 168.am-ին պատմեց նրա դասընկերներից մեկը՝ Լիլիթ Ֆանարջյանը:

Վերջինս Լյուքս Ստեփանյանի հետ սովորել է «Քվանտ» վարժարանում: Լիլիթը Լյուքս Ստեփանյանին բնութագրեց՝ որպես «շատ հանգիստ, շատ նպատակասլաց, երազանքներ ունեցող տղա:

Լյուքս Ստեփանյանի դասընկերը հիշեց նաև իրենց Վերջին զանգի արարողությունը. «Վերջում Լյուքս Ստեփանյանն իր շապիկի վրա գրել էր. «Քանի որ տեղ չի մնացել, կարճ, բայց մտածելու տեղ ունի: Ես քեզ շատ-շատ եմ սիրում, իմ սիրելի քույրի՛կ»»:lyuqs-namak

Հիշեցնենք, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանը սպանվել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում: Ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Կրակոցից  գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաև  նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը, ում վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր: Նույն օրը Դավիթ Խաչատրյանը հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է և հարցաքննվել որպես կասկածալ: Մայիսի 18-ին Դավիթ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նույն օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս