ԱԺ-ն քննարկում է կարկտահարությունից տուժած համայնքների փոխհատուցման խնդիրը
Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է Արմավիրի մարզի գյուղերում կարկտահարությունից տուժած բնակիչների վնասի փոխհատուցման մասին հարցը, որին ներկա են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղատնտեսության նախարարը հայտարարեց, թե կարկտահությունից հետո ինքը Արմավիրի մարզպետի հետ եղել է կարկուտից առավել տուժած համայնքներում, նույն օրը երեկոյան կազմակերպել է խորհրդակցություն ու առավոտյան արդեն ստեղծել է հանձնաժողովներ, որոնք իրենց աշխատանքը հենց նույն օրը սկսկել են:
Ս. Կարապետյանն ընդգծեց, որ տնտեսություն առ տնտեսություն պետք է գույքագրվեր բոլոր բնակիչների վնասները, ինչի համար հանձնաժողովներին աշխատելու համար ժամանակ էր անհրաժեշտ
Ըստ նրա, ճշգրտված տվյալներով, տուժել են 46 համայնքներ: Գյուղնախարարը նշեց նաև, որ կառավարությունում մշակվել են ծրագրեր, ըստ որի՝ բնակիչները ամբողջապես, մի մասն էլ՝ մասամբ, հողի հարկից կազատվեն: Նույն մոտեցումը, նրա փոխանցմամբ՝ կլինի նաև ջրի վարձի դեպքում և 100 տոկոսանոց վնաս կրած բնակչին ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կազատի ջրի վարձավճարից:
Սերգո Կարապետյանը նշեց նաև, որ եթե հակակարտային կայանները կառավարվեին մի կետից, ապա վնասի չափը քիչ կլիներ: Հարցը լուծելու համար, նրա փոխանցմամբ, լրացուցիչ 50 կայաններ կտեղադրվեն, որոնք կծածկեն երկրորդ գոտին:
Ինչ վերաբերում է գյուղացիների վերցրած վարկերին, ապա Ս. Կարապետյանն ասաց, որ յուրաքանչյուր տնտեսության համար մետեցումն անհատական է լինելու, խնդիրների վերահսկողությունն էլ պետք է սահմանեն գյուղապետերը: Բոլոր արտարժութային վարկերը, նրա խոսքով, կվերաձևակերպվեն դրամային վարկերի.
«Եթե մարդ 1000 դոլար վարկ ունի 18 տոկոսով,այն վերաձևակեպվելու է դրամի, վարկը դառնալու է 14 տոկոս, մնացած տոկոսներն էլ սուբսիդավորվելու են»:
Գյուղնախարարը խոստացավ նաև սերմեր տրամադրել գյուղացիներին՝ բանջարաբոստանային կուլտուրաների սերմեր, որոնք հենց վաղը կառավարությունը պատրաստվում է բաժանել գյուղացիներին. «Ով ինչ սերմ ուզում է՝ դա ենք տալու»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին առանձին վերաբերմունք է ցուցաբերվելու՝ առաջնահերթ օգնություն: Չնայած արձանագրված 20-25 մլդ դրամ կորուստներին, Սերգո Կարապետյանն ասաց, թե ոլորտն այս տարի կունենա բարձր ցուցանիշներ: