ՀՀ-ում կենսամակարդակի անկում է գրանցվում
Հայաստանում բնակչության կենսամակարդակի կորը կրկին ցած է ձգտում: Այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 2 ամսում սպառողական գների աճի տեմպերը գերազանցում են աշխատավարձի աճի տեմպերին: Այսպես, այս տարվա ապրիլին սպառողական գների ինդեքսը (գնաճը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.9% , մինչդեռ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 2.5%-ով: Նույն դինամիկան դիտվել է այս տարվա մարտին 2012 թ. մարտի համեմատ. սպառողական գների ինդեքսի աճը եղել է 3.4%, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձի աճը՝ 2.5%:
Նշենք, որ անցած տարի իշխանական թևի տնտեսագետները հպարտությամբ նշում էին, որ քաղաքացիների աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան սպառողական ապրանքների գները: