ՀԱԿ-ը ԲՀԿ-ին ազատեց Մարտի 1- պատասխանատվությունից
Քիչ առաջ խորհրդարանը մերժեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման մասին նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը: Որոշման նախագծին կողմ քվեարկեցին 48, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 2 պատգամավորներ:
Նման հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ դեռևս նախորդ տարվա վերջին ԱԺ էր ներկայացրել ՀԱԿ խմբացությունը: 2012թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների միջև քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ եթե ՀԱԿ խմբակցությունը համաձայնվի, որ հանձնաժողովի ստեղծման հարցը տեղափոխվի նախագահական ընտրություններից հետո, ապա ՀՀԿ-ն կողմ կքվեարկի այս հանձնաժողովի ստեղծմանը:
Հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների միջև «ջենտլմենական համաձայնություն» ձեռք բերվեց, որի մասին հայտարարվեց նաև ԱԺ նիստում:
Այսօր հարցը քվեարկության դնելուց առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու որոշման նախագծին, քանի որ կան դեռևս չհամաձայնեցված հարցեր: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով հարցին, ասաց որ եղել է 7 առաջարկ, որից 6 ու կեսը իրենց կողմից ընդունվել են: Ինչ վերաբերում է մյուս կես հարցին, ապա ՀՀԿ-ն առաջարկել է, որ հանձնաժողովի նիստերին չհրավիրվեն մարտի 1-ի գործը քննած քննիչները և հետաքննիչները, ինչն իրենց համար անընդունելի է:
Ըստ Ջհանգիրյանի, իրենց համար հասկանալի է, որ հանձնաժողովի նիստերին չհրավիրվեն դատախազները, քանի որ դատախազը համարվում է դատական իշխանություն, մինչդեռ քննիչներն ու հետաքննիչները գործադիր իշխանության ներկայացուցիչներ են:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հիշեցնելով ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների միջև կայացած քաղաքական համաձայնության մասին, հայտարարեց, որ այս քվեարկությունով որոշվում է ոչ թե այն հարցը՝ ստեղծվելո՞ւ է հանձնաժողով, թե՞ ոչ, այլ ով է պատասխանատու մարտի 1-ի դեպքերի համար: Այս հայտարարությունից հետո իրենց ընդդիմություն հռչակած ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները և ոչ ընդդիմադիր ԲՀԿ ներկայացուցիչները կողմ քվեարկեցին հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը, իսկ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ:
Արդյոք կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ը տապալվեց իր նախաձեռնության մեջ, քանի որ մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը չի ստեղծվի: Ֆորմալ առումով, իհարկե՝ այո: Բայց մուս կողմից՝ ՀԱԿ-ը լուծեց իր առջև դրված ավելի կարևոր խնդիր, կամ գուցե հանձնարարություն:
ՀԱԿ-ը իր ռազմավարական դաշնակից և հովանավոր ԲՀԿ-ի վրայից գցեց մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը, և այն ամբողջությամբ դրեց ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի վրա: Եթե հարցին մոտենանք այս տեսանկյունից, ապա՝ կտեսնենք, որ ՀԱԿ-ն ամբողջովին լուծեց խնդիրը: Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տրամաբանության, եթե ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ են քվեարկել հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, ապա նրանք պատասխանատու չեն մարտի 1-ի համար, և միակ պատասխանատուն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն են:
Համոզված կարելի է պնդել, որ Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ խմբակցությունը այսօր համապատասխան շնորհակալաության կարժանանա ոչ ընդդիմադիր գործընկերոջ կողմից՝ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունից իրենց մաքրելու համար: Բայց արդյո՞ք Լևոն Զուրաբյանը պետք որոշի, թե ով է պատասխանատու մարտի 1-ի դեպքերի համար, իսկ ում ազատի դրա պատասխանատվությունից: