«Միայն սոցիալական խնդիրները չէ, որ մարդուն իր հայրենիքից կարող են հեռացնել» (լուսանկարներ)
«Մնջախաղացներ քիչ են մնացել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Եթե այս ժանրը չսպանեն՝ այն չի մեռնի: Ամեն դեպքում, այսօր նույնիսկ պարային ժանրերի մեջ են մնջախաղ օգտագործում, իսկ սա նշանակում է, որ այս ժանրը չի կարող մահանալ, որովհետև այն շատ հետաքրքիր և ընդգրկուն ժանր է»,- 168.am-ի հետ զրույցում ասում է ռեժիսոր, մնջախաղաց Համլետ Չոբանյանը:
– Համլետ, ինչո՞ւ որոշեցիք մնջախաղաց դառնալ, ինչո՞վ գրավեց այդ աշխարհը:
– Բաներ կան, որոնք երևի ի սկզբանե որոշված են լինում: Մեզ մոտ, հատկապես այն ժամանակ, երբ ես բուհն էի ավարտում, մնջախաղի ո՛չ ֆակուլտետ կար, ո՛չ էլ խումբ: Ինստիտուտ ընդունվելիս՝ քննության ժամանակ ես մնջախաղային էտյուդ ներկայացրեցի, դրա համար իմ վարպետը` Կիմ Արզումանյանը, վրաս գոռաց ու ասաց. «Ի՞նչ իրավունք ունես՝ հիմա այսպիսի բաներ ես ներկայացնում: Ես դա քեզ երրորդ կուրսում էի սովորեցնելու»: Այդ ժամանակվանից էլ մնջախաղի նկատմամբ մեծ սեր կար, բացի այդ, մնջախաղի արվեստն ամեն ինչով ավելի բարդ է, քան թատրոնն ու կինոն: Ինձ շատ էր հետաքրքրում այն, որ մնջախաղի դեպքում կարող ես շատ քիչ արտահայտչամիջոցներով մեծ բան արտահայտել, քան երկար խոսել ու շատ քիչ բան տալ հանդիսատեսին:
– Մնջախաղացի աշխատանքը որքանո՞վ է հեշտ կամ բարդ:
– Մնջախաղացի աշխատանքը բավականին բարդ է ու տանջալից, և պետք է տարիներ անցնեն, որ մարդը կարողանա այս մասնագիտությանը տիրապետել: Դա ոչ միայն մարմնի, այլև զգացողությունների, նրբությունների, մտածելակերպի տիրապետում է:
– Դուք ժեստերի, շարժումների միջոցով հանդիսատեսին զգացողություններ եք փոխանցում: Հե՞շտ է նրանց հետ կապ հաստատել:
– Ես երբեք չեմ նկատել, որ իմ ու հանդիսատեսի միջև կապը չստացվի: Դրա բացատրությունն ինձ համար մեկն է` երբ դու ազնիվ ես, դիմացինդ չի կարող այդ կապի մեջ չմտնել, եթե դու ստում ես, կեղծում, ապա հանդիսատեսը կարող է նույնիսկ թատրոնից հեռանալ: Եթե մնջախաղացն ամբողջովին տրվի, հանդիսատեսը չի կարող անտարբեր լինել:
– Ո՞վ է Ձեր հանդիսատեսը:
– Բոլոր տեսակի, առանց տարիքային կամ որևէ այլ խտրականության հանդիսատես ունեմ: Չեմ կարող ասել, որ իմ հանդիսատեսը միայն ինտելիգենտ կամ բանվոր մարդիկ են: Իմ հանդիսատեսը մարդիկ են, ովքեր կարող են կամ նույնիսկ չեն կարող մնջախաղն ընկալել: Որպես օրինակ՝ ասեմ, որ վերջերս արտերկրում էի և ելույթ էի ունենում մտավոր կարողություններից թույլ անձանց համար: Պետք էր տեսնել, թե ինչպես էին նրանք ընկալում:
– Բեմ բարձրանալիս ինչպիսի՞ հույզեր եք ունենում:
– Ամեն անգամ բեմ բարձրանալիս փոքրիկ հուզմունք եմ ունենում, որովհետև գոյություն ունի պատասխանատվություն հասկացողությունը: Կապ չունի՝ ինչպիսի հանդիսատեսի առջև եմ ելույթ ունենում, ես միշտ պատասխանատվորեն եմ մոտենում իմ աշխատանքին: Եթե ամեն գործով զբաղվող մարդ այսպես մոտենար իր աշխատանքին, ապա նույնիսկ ամբողջ երկրի մակարդակով ամեն ինչ հրաշալի կլիներ:
– Իսկ մնջախաղացությունը գումարային առումով որքանո՞վ շահավետ աշխատանք է:
– Հայաստանում, բնականաբար, շահավետ աշխատանք չէ: Եթե մի երկրում արհամարհված է այն, ինչը դու անում ես, ու գնալով էլ ավելի է արհամարհվում, բնականաբար, գումարային առումով ևս արհամարհում կլինի: Դրսում իմ արվեստը չի արհամարհվում: Հիմա ինչով ես ապրում եմ, ցավոք, այս երկրի հետ կապված չէ: Հերիք է դրսում մի անգամ ելույթ ունենամ, ապա դրա վարձատրությամբ կարող եմ այստեղ մեկ տարի ապրել:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված պետության նման մոտեցումը:
– Պետությունն առհասարակ մշակույթն է արհամարհում: Հայության մի մասը փախել է այստեղից, որովհետև զզվել է նման վերաբերմունքից: Միայն սոցիալական խնդիրները չեն, որ մարդուն իր հայրենիքից կարող են հանել, պարզապես, երբ նրա ինքնասիրությունն է վիրավորվում, ամեն տեսակի արժեքների վրա նա կարող է թքած ունենալ, որովհետև դրանք այստեղ ոտնահարվում են: Այն մարդիկ, ովքեր այստեղ ամեն օր արվեստ էին ստեղծում, փրկում, իրենց ատամներով պահում, գնում են ուրիշ երկրներ, որտեղ հարգվում են: