Մարոլը կանխարգելում է թոքերի քաղցկեղը
Բուժիչ նամակներ
Բույսի այլ անվանումներն են` հազար, կաթնուկ, աղցանախոտ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ բազմաթիվ նյութեր և ունի շատ ցածր էներգետիկ արժեք։ Անփոխարինելի սննդամթերք է գեր մարդկանց համար, կարգավորում է մարսողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի և թոքերի քաղցկեղի զարգացումը։ Ուռուցքաբանները հայտնաբերել են, որ բույսը պարունակում է քաղցկեղի բջիջների առաջացումը կանխարգելող մեծաքանակ նյութեր։
Հետաքրքիր է իմանալ, որ ըստ ավանդույթի` մարոլը չի կարելի կտրել դանակով, այն պետք է մանրացնել ձեռքերով` ինչպես հացը։
Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 4 անգամ ուտել մարոլով պատրաստված աղցան (300 գ մարոլ, վարունգ, կանաչ սոխ, մաղադանոսի և սամիթի տերևիկներ)։
Զգուշացում։ Կանաչեղենով պատրաստված աղցանները պետք է անմիջապես ուտել, քանի որ մանրացրած կանաչեղենում արագանում է նիտրիտների առաջացումը։
Մարոլի հայրենիքը Միջերկրական ծովի ափերն են, որտեղ ապրող ազգերն օգտագործել են այն սննդի մեջ և բուժման նպատակով։
Մարոլն անհիշելի ժամանակներից մշակվել է Հայաստանում։ 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Հազարը վանում է անքնությունը, օգնում է մելամաղձության դեպքում, անցկացնում է շոգից առաջացած գլխացավը, առատացնում է մայրերի կաթը, սրում է տեսողությունը»։
Եվրոպայում բույսը սկսել են մշակել 16-րդ դարի կեսերից։
Մշակովի մարոլն ունի բազմաթիվ տեսակներ` տերևային, գլխիկավոր, ռոմեն, եղերդի և այլն։
Պատկանում է արժեքավոր, դիետիկ տերևաբանջարների թվին, հատկապես օգտակար է երեխաներին։
Տերևները պարունակում են մինչև 4 տոկոս շաքարներ, 2,5 տոկոս սպիտակուց, ենթավիտամին A, ասկորբինաթթու, ֆոլիաթթու, նիացին, բիոտին, B1, B2, E, K վիտամիններ, յոդ, զգալի քանակությամբ երկաթ (38 մգ` 100 գ հումքի մեջ), կալիում` 220 մգ, կալցիում` 80 մգ, մագնիում` 40 մգ, ֆոսֆոր 35 մգ, նատրիում, օրգանական թթուներ, ֆոլիաթթու, պեկտին և այլն։
Բույսին բնորոշ նյութերից մեկի` լակտուցինի շնորհիվ բույսը կիրառվում է հիպերտոնիկ հիվանդության, անքնության, նյարդային անհանգստության դեպքում։
- Մանրացրեք մարոլի թարմ տերևը, 20 գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
Կալիումի և նատրիումի աղերի բարենպաստ փոխհարաբերակցության շնորհիվ մարոլը կարգավորում է օրգանիզմի ջրային բալանսը, ունի միզամուղ հատկություններ։
Ֆլավոնները և նիացինը կանխարգելում են արյունատար անոթների փխրունությունը, ինչի շնորհիվ մարոլն ունի հակասկլերոտիկ, խոլեստերինի մակարդակը կարգավորող, հակադիաբետիկ հատկություն։
Պեկտինը կարգավորում է մարսողությունը, մաքրում է աղիների պատերը թունավոր նյութերի կուտակումներից։
Բուժում է հյութը
Ինչպես բոլոր տերևաբանջարային մշակաբույսերը, մարոլը ևս պարունակում է քլորոֆիլ, որն ավելի շատ է մուգ կանաչ տերևներում։ Քլորոֆիլը բույսերի արյունն է, որն իր բաղադրությամբ նման է էրիթրոցիտներին (արյան կարմիր գնդիկներ)։ Տարբերությունը նրանում է, որ մարդու արյան մեջ առկա է երկաթի մոլեկուլը, իսկ քլորոֆիլը պարունակում է մագնիում։
Մի շարք երկրներում դեղագործական արդյունաբերությունը մարոլից ստանում է կարոտին և քլորոֆիլ պարունակող յուղ։
Տերևներում պարունակվող վիտամինները, երկաթը և մագնիումը նպաստում են արյան ստեղծմանը, ինչի շնորհիվ մարոլը կիրառվում է երկաթի սակավության հետևանքով առաջացած անեմիայի բուժման համար։
Մարոլի հյութն օգտակար է քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի բուժման ընթացքում, իսկ կալցիումի և յոդի առկայության շնորհիվ կիրառվում է վահանագեղձի հիվանդությունների (տիրեոիդիտ, տիրեոտոքսիկոզ) բուժման համար։
Անմեիա. Խառնեք մարոլի, ծնեբեկի, գազարի հյութերը (1։1։2)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
Անքնություն. Խմեք 100 մլ մարոլի հյութ քնելուց առաջ։
Վահանագեղձ. Խառնեք մարոլի, կանաչ լոբու պատիճների, գազարի հյութերը (4։3։6)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
Այրոց. Խմեք 3 գրամ մարոլի հյութ` խառնած գազը հանած հանքային ջրի հետ։
Քրոնիկ փորկապություն. Խմեք 1-ական թ/գ հյութ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Ստամոքսաբորբ, ճարպակալում, պոլիոմիելիտ, աթերոսկլերոզ. Խառնեք մարոլի և գազարի հյութերը (1։2), խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
- Խառնեք մարոլի, գազարի և վարունգի հյութերը (5։7։4)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
- Խառնեք մարոլի, գազարի և նռան հյութերը (5։7։4)։
- Խառնեք մարոլի, խնձորի հյութերը և մածուն (1։1։3)։
- Խառնեք մարոլի, լոլիկի, խնձորի հյութերը և մածուն (2։1։1։7)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
Հիպերտոնիա, մակերիկամների և վահանագեղձի հիվանդություն, ռևմատիզմ. Խառնեք մարոլի, սպանախի և նեխուրի հյութերը (5։4։7)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
Զգուշացում։ Մարոլի հյութը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման շրջանում, լուծի, հոդատապի, միզաքարային հիվանդության դեպքում։
Գեղարարություն
Մարոլը պարունակում է կրեմնիում, որը կարևոր է մաշկի և մազերի նորմալ վիճակի պահպանման համար։
- Խմեք 100 մլ մարոլի, սպանախի և գազարի հյութերի խառնուրդ, օրը 1 անգամ։
- Մանր կտրատեք հազարի տերև, 50 գ հումքը 5 րոպե եփեք 100 մլ ջրում։
Խաշած տերևները լցրեք թանզիֆե պարկիկի մեջ և դրեք դեմքին` գոլ վիճակում։
Պահեք 20 րոպե, լվացեք սառը ջրով։ Հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար։
Թուրմը կարելի է օգտագործել դեմքը մաքրելու համար կամ թրջոցի ձևով։
«168 ԺԱՄ»