Բաժիններ՝

Նավթի տարանցման կասեցումը և փլուզման վտանգը

Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ Վաշինգտոնում կատարած հայտարարությունը, իհարկե, նկատելի մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Հայտարարության շարժառիթը Ռուսաստանի նախագահի կողմից երկրի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման կասեցման մասին որոշում ընդունելն է. ըստ Սահակաշվիլիի՝ «Եթե Ադրբեջանը փլուզվի, ապա դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Միայն Ադրբեջանի զարգացումը ողջ տարածաշրջանին կապահովի զարգացում: Շատ կարևոր է այսպիսի իրավիճակում Ադրբեջանին աջակցելը, և այդ աջակցությունը պետք է լինի հստակ ու հետևողական»:

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակը տարածաշրջանային մակարդակի վրա ուժանյութային և ճանապարհային ծրագրեր իրականցնելիս միշտ փորձում էին շրջանցել Հայաստանի Հանրապետությունը։ Վրաստանի նախագահը բնականաբար անհրաժեշտություն չէր զգում այս շրջանցումներն ու շրջափակման նպաստող ծրագրերը քննադատելու։ Ոչ միայն չէր զգում, այլ ինքը ևս աշխույժ ներգրավված էր նման ծրագրերում։

Ռուսական որոշումը վրդովեցրել է Վրաստանի նախագահին, որ նման վրդովում ունեցել էր Հայաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման հնարավորությունների արծարծման ընթացքում։ Ստացվում է այնպես, որ Հայաստանի ապաշրջափակմանը միտող որևէ հնարավոր քայլ, տարածշրջանային առումով մեր երկրի մրցունակությունը առաջադրող որևէ ծրագրի իրականացում խիստ անհանգստացնում է իր խորհրդարանական մեծամասնությունը կորցրած Վրաստանի նախագահին։ Այլապես, քաղաքական ընկալելիությամբ պարզ է ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կիրառված ռուսական ճնշամիջոցի դիմաց նման հակազդեցությունը։ Առավել ևս, որ Սահակաշվիլին առանձնապես աչքի չի ընկնում Մոսկվայի հետ բնականոն հարաբերություններով։ Բայց սա արդեն ռուս-վրացական հարաբերությունների ելևէջների համատեքստում պիտի դիտարկել։

Մեզ այս պահին ավելի է հետաքրքրում է ադրբեջանական նաւթի տարանցման կասեցումը։ Սա իհարկե կարող է մշտական բնույթ չունենալ։ Քաղաքական պահի ազդեցության գործոնների նկատառումը այստեղ էական է՝ տնտեսա-քաղաքական ճնշամիջոցների կիրառման միջազգային պրակտիկան նկատի ունենալով։

Սակայն չմոռանանք, որ Սահակաշվիլիի այս դիրքորոշումը համավրացական բնույթ չունի. առավել ևս համապետական նույնիսկ. փաստորեն, կառավարական մակարդակի նման գնահատական, մեկնաբանություն մինչ այժմ չի կատարվել։ Սա միակ դեպքը չէ, երբ տարբերություն, նույնիսկ հակասություն է երևում տարածաշրջանային կարևոր խնդիրները մեկնաբանելիս՝ ներվրացական հարթությունում։

Հայտարարության մի այլ կարևոր բաժին սակայն ուշադրություն է գրավում. Սահակաշվիլին խոսում է Ադրբեջանի փլուզման մասին։ Ադրբեջանի նավթի տարանցման կասեցումը ինքնին դուռ է բացել նման ենթադրությունների մասին ոչ միայն մտածելու, այլև բարձրաձայնելու։ Սահակաշվիլին խոսում է Վրաստանի և տարածաշրջանի շահերից և դրանցից ելնելով ահազանգում է Ադրբեջանի փլուզման մասին։

Ըստ Սահակշվիլիի՝ այս ճնշամիջոցները թիրախ ունեն՝ փլուզել Ադրբեջանը։ Ադրբեջանական Հանրապետության արհեստականությունը շատ պատճառներ ունի նույն երկրի փլուզման մասին վերլուծումներ կատարելու։

Սահակաշվիլիի օրոք Վրաստանն էր, որ կորցրեց իր տարածքային ամբողջականությունը։ Սահակաշվիլին այժմ մտածում է, որ տարբեր հանգամանքներով, թեկուզ, իր ռազմավարական գործընկերը կարող է դիմագրավել միևնույն վտանգը։ Վաղ է հաստատել, թե նաւթի տարանցման կասեցումը կարող է սկիզբ դառնալ Ադրբեջանի փլուզմանը. կարևորը այն է, որ այս մասին բարձրաձայնվում է։ Այն էլ ռազմավարական գործընկերոջ կողմից։

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս