
Ֆրանսիան դարձավ միասեռ ամուսնություններն օրինականացրած 14-րդ երկիրն աշխարհում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր օրենք է ստորագրել միասեռ ամուսնությունների, այդ թվում նաև միասեռ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու մասին: Դրանով իսկ Ֆրանսիան դարձավ միասեռ ամուսնություններն օրինականացրած 14-րդ երկիրն աշխարհում:
Միասեռ ամուսնությունների օրինականացումն Օլանդի նախընտրական առանցքային խոստումներից մեկն էր: Միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագիիծը վերջին ամիսներին թեժ քննարկումներ էր առաջացրել Ֆրանսիայում:
Դրան կտրականապես դեմ էր աջակողմյան ընդդիմությունը: Միասեռ ամուսնությունների օրինականացման հակառակորդներն անցկացրել են զանգվածային բողոքի մի շարք ակցիաներ, որոնցից խոշորագույնը գրանցվեց այս տարվա մարտին, երբ Փարիզում փողոց դուրս եկավ մի քանի հարյուր հազար ցուցարար:
Չնայած բոլոր բողոքներին՝ օրինագիծը հաղթահարեց բոլոր խոչընդոտները, որոնցից վերջինը՝ մայիսի 17-ին, երբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունեց, որ միասեռ ամուսնությունների մասին օրենքը համապատասխանում է երկրի հիմնական օրենսդրությանը: