Բաժիններ՝

Վտանգներից խուսափելու ճանապրհը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ժողովուրդը կապստամբի՞, թե՞ կարտագաղթի: Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետև երկուսն էլ կործանարար են:

Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույնիսկ Նախախորհրդարանին՝ գնում է, ջարդում-փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները: Դա նշանակում է քաոս, և մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի:

Բնականաբար, այդ երկու անցանկալի երևույթների դեմն առնելու պարտականությունը նախևաոաջ իշխանությանն է: Ինքնապահպանության պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու՝ սեփական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու և պետությունը փոքր-ինչ ուժեղացնելու ուղղությամբ:

Ոչ մի սարսափելի բան չէր պատահի, օրինակ, եթե Երևանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար: Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան «հուպ տալ»՝ ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով և թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա «քսի տալով»: Կամ՝ այս, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ կառավարության վերանշանակումը նույնպես դիտվում է որպես մարտահրավեր հասարակությանը:

Այդ երկու իրադարձությունների և շարունակվող արտագաղթի կամ հնարավոր «բունտի» պատճառահետևանքային կապը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և խոսքը, հետևաբար, ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ պարզապես ռացիոնալ վարքի՝ անհրաժեշտ, նվազագույն բարեփոխումների մասին է: Թե չէ՝ վատ կլինի բոլորի, այդ թվում՝ իշխանությունների համար:

Բայց ես չեմ նսեմացնում նաև մեր պատասխանատվությունը: «Մեր» ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր նրանց, ում խոսքը հասարակության համար ինչ-որ նշանակություն ունի՝ քաղաքական գործիչներին, հրապարակախոսներին, մեկնաբաններին, լրագրողներին և այլն:

Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց՝ խոսքը կարևոր չէ: Եթե 20 տարի շարունակ մեզնից շատերը կրկնում են, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, որ այստեղ ապրում է կիսասոված, կիսավայրենի, ճնշված, խեղճուկրակ ժողովուրդ («դե, ճիշտ են անում խեղճ մարդիկ, որ գնում են»), ապա գուցե ամբոխի աչքին չափազանց խիզախ և ճշմարտախոս ենք երևում, բայց հաստատ որևէ դրական ուղերձ հասարակությանը չեն հղում: Հատկապես այս թեզերը սիրում են կրկնել այս 20 տարում Հայաստանից գնացածները՝ արդարացնելու համար իրենց բացակայությունը:

Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները սերմանելով՝ պետք չէ էժան դիվիդենդներ շահել՝ ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք՝ մենք բոլորս, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում:

Իսկ որպեսզի դա տեղի չունենա, եկեք սկզբի համար արձանագրենք՝ Հայաստանը մեզ համար աշխարհի ամենալավ երկիրն է, այստեղ ապրելը մեծ երջանկություն է: Ինձ համար, համենայնդեպս, այդպես է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս