Բաժիններ՝

Հակակարկտային կայանները գործել են անխափան, կարկտահարությունն է շատ ուժեղ եղել. Ռ.Հովսեփյան

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ տարածքում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի վերաբերյալ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

Խոսելով վերջին օրերին գրանցված կարկտահարության դեպքերի և հակակարկտային ծառայության մասին` Ն. Գրիգորյանը մասնավորապես ասաց.
– Մայիսի 12-ի կարկտահարությունից հետո ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում վերլուծվեցին արդյունքներն ու կոնկրետ հանձնարարականներ տրվեցին: Այսօր տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն Հայաստանում կա հակակարկտային ծառայություն: Մենք ունենք 2 ռադիոլոկացիոն կայան` Լոռու և Արագածոտնի մարզերում, և 154 հակակարկտային կայան: ՀՀ տարածքը կարկտահարությունից ավելի արդյունավետ պաշտպանելու համար մեզ ավելի շատ նման կայաններ են հարկավոր:

Ներկայացնելով հակակարկտային կայանների աշխատանքը մայիսի 12-ի կարկտահարության ժամանակ` Ռ. Հովսեփյանը պարզաբանեց.
– Չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 գյուղական համայնքների 50 հազար հեկտար ընդհանուր տարածքից 13 հազարը հեկտարը: Մեկ կայանը պաշտպանում է 80-100 հա մակերեսով տարածք: Դրանք ռադիոմոդեմային հեռակառավարվող են և ղեկավարվում են ռադիոլոկացիոն կենտրոնից։ Մայիսի 12-ին այդ կարկտային պրոցեսի վրա Արմավիրի կայաններից կատարվել է 19227 կրակոց է արձակվել, իսկ Արագածոտնի մարզում եղել է 8810 կրակոց: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետևանքներից: Այժմ աշխատանքներ են տարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրվել են անհատ ձեռներեցների և գյուղապետերի կողմից, վերցնել մեր վերահսկողության տակ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Նման կայանների գործարկման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը: Նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային և նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայումս ԱԻ նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նախորդ տարի հանրապետություն նման հզոր կարկտահարություններ չեն եղել և գործող կայանները շատ արդյունավետ են աշխատել:

«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքերով` հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան գազով, որն ավելի մատչելի է ու անվտանգ, քան ացետիլենը, սակայն ունի նույն արդյունավետությունը։ ՀՀ ԱԻՆ համակարգի հսկողության տակ գտնվող հակակարկտային կայանների մյուս առավելությունն այն է, որ դրանց կրակոցները դեպի կարկտաբեր ամպեր ուղղորդվում են ռադիոլոկացիոն կայաններից ստացված տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ներգործություն իրականացնել տվյալ մթնոլորտային երևույթի վրա։ Կարկտաբեր ամպերի շարժումը և զարգացումը, ինչպես նաև կայանների իրականացրած բոլոր կրակոցներն ավտոմատ կերպով ամրագրվում են համակարգիչներում` վայրկյան առ վայրկյան։ Մինչդեռ մարզերում կան մասնավոր ընկերությունների կողմից տեղադրված կամ համայնքի կողմից շահագործվող բազմաթիվ կայաններ, որոնք չունեն այդ հնարավորությունը և իրականացնում են կամային կրակոցներ, ինչը կարող է հանգեցնել միանգամայն հակառակ արդյունքի, այսինքն` առաջացնել կարկտի տեսքով տեղումներ ու վնասել բերքը։

ՀՀ ԱԻՆ հակակարկտային ծառայության աշխատանքի մեթոդը, որն այսօր կիրառվում է Հայաստանում, ամբողջ աշխարհում ապացուցել է իր արդյունավետությունը: Նման եղանակով են աշխատում նաև Բրազիլիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի հակակարկտային համակարգերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս