Ինչպես է Սփյուռքի նախարարությունն ուժեղացնում Սփյուռքը
Կառավարության կազմում ստեղծված Սփյուռքի նախարարության խնդիրներից մեկն էլ երևի սփյուռքահայերին օգնելն է, հատկապես այն սփյուռքահայերին, ովքեր հանգամանքների բերումով հայտնվել են դժբախտության մեջ: Օրինակ` երկու տարի առաջ Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով հազարավոր սիրիահայեր ստիպված եղան գաղթել Սիրիայից, իսկ նրանց մի մասը նախընտրեց բնակություն հաստատել Հայաստանում: Սփյուռքի նախարարությունում որոշակի միջոցներ ձեռնարկվեցին Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու համար: Բայց այժմ ի հայտ են գալիս փաստեր, որ սիրիահայերին ցուցաբերված օժանդակությունը շատ դեպքերում արվում է ի հաշիվ տեղաբնակների իրավունքների ոտնահարման:
Մեր զրուցակիցներից մեկը պատմեց մի զավեշտալի պատմություն, որը նրա հավաստմամբ` բավական լայն տարածում է ստացել վերջին շրջանում: Պետական ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյա մեր զրուցակիցը, ով բնակարանն անշարժ գույքի գործակալության միջոցով վարձակալության է տրամադրել հավելյալ գումար վաստակելու համար, վարձակալության երկրորդ ամսում տհաճ իրողության է բախվել: Պարզվել է, որ բնակարանը վարձակալած սիրիահայ ընտանիքն ի վիճակի չէ վճարել վարձակալության սկզբում պայմանավորված գումարը`150 հազար դրամ, և, չնայած դրան, չի ցանկանում ազատել զբաղեցրած բնակտարածքը: Սիրիահայ ընտանիքը հայտարարում է, որ ինքը բավականաչափ գումար չունի և կարող է վճարել ընդամենը 50 հազար դրամ: Երբ բնակարանի սեփականատերը պահանջում է ազատել բնակարանը, սիրահայ ընտանիքի անդամները դիմում են Սփյուռքի նախարարությանը:
Ենթադրվում է, որ Սփյուռքի նախարարությունում սիրիահայ ընտանիքին օգնելու համար պետք է ֆինանսական օժանդակություն տրամադրեին, տալով պակասող 100 հազարը, բայց այնտեղ որոշում են ավելի արմատական լուծում տալ խնդրին: Ըստ մեր զրուցակցի` իրեն է զանգահարում Սփյուռքի նախարարության ինչ-որ աշխատակից, և սպառնալից տոնով պահանջում չանհանգստացնել սիրիահայ ընտանիքին՝ հավելելով: «Ի՞նչ է, դու հայրենասեր չե՞ս, դու չե՞ս ուզում օգնել ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին»:
Երբ սեփականատերը համառում է` ասելով, որ ինքն այլ պայմաններով է վարձակալության տվել իր բնակարանը, որ իր իրավունքն է` տնօրինել իր սեփականությունը, նրան արդեն սպառնում են. «Իսկ ի՞նչ միջոցներով ես ձեռք բերել այդ սեփականությունդ, չլինի՞ թե աշխատավարձով: Երևի ուզում ես, որ քո անունը ամբողջ Հայաստանն իմանա, իմանան, թե ինչպես ես մարդկանց տանից դուրս գցում, ինչպես ես վարվում սիրիահայ ընտանիքի հետ»: Մեր զրուցակիցը գերադասում է լռել, հասկանալով, որ այլ պարագայում կարող է կորցնել աշխատանքը: Միաժամանակ նա վստահ է, որ առանց պետական աջակցության և հովանավորության` իրեն դժվար թե համարձակվեին շանտաժի ենթարկել:
Մեր զրուցակիցը վստահեցնում էր, որ ինքը եզակի զոհ չէ, որ իր վիճակում են բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց բնակարանը վարձակալության են տվել սիրիահայերին: Նա մեզ խորհուրդ տվեց կապվել անշարժ գույքի գործակալության գրասենյակների բրոքերների հետ, ովքեր կհաստատեն իր խոսքերը: Մենք նման մի քանի փորձ կատարեցինք, սակայն բրոքերները հրաժարվում էին այդ թեմայով խոսել: Բայց նրանք բոլորը հաստատում էին, որ բնակարանների սեփականատերերը զգուշանում են սիրիահայերին բնակարան տրամադրել` նշելով, որ չեն վստահում, կամ գումարներն ուշացնում են:
Ի վերջո, բրոքերներից մեկը հաստատեց, որ սիրիահայերի համար իրենք բնակարան չեն փնտրում, քանի որ եղել են դեպքեր, երբ նրանք հրաժարվել են վճարել նախապես պայմանավորված գումարը, և բնակարանի սեփականատերն իրենց է մեղադրել` նման հաճախորդ գտնելու համար:
Մենք փորձեցինք կապվել նաև Սփյուռքի նախարարության պաշտոնյաների հետ: Պարզվեց` սիրահայերի խնդրով զբաղվում է Մերձավոր և Միջին Արևելքի հայկական համայնքների վարչությունը: Այդ վարչության աշխատակից ներկայացած Թամարան` լսելով մեր հարցը, թե արդյոք իրենց վարչությունը զբաղվում է սիրահայերի բնակարանային խնդիրներով, և այդ հարցով նրանց աջակցությամբ, ասաց, թե հարցին իրավասու է պատասխանել միայն վարչության պետ Լուսինե Ստեփանյանը, սակայն նա ամբողջ օրվա ընթացքում գեթ մեկ րոպե ազատ ժամանակ չգտավ մեր հարցը լսելու համար: Երևի ժամանակի մեծ մասը ծախսում է հայրենասիրության դասեր տալու վրա:
Եթե իսկապես իշխանությունը որոշել է պաշտոնյաների, պատգամավորների, նախարարների ունեցվածքն անվճար հանձնել փախստական դարձած սիրիահայերին, ապա դա իսկապես գովելի նախաձեռնություն է: Բայց նման բան անելուց առաջ պետք է սկսել ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր պետք է օրինակ ծառայեն իրենց ենթակաների համար:
Օրինակ, տեղեկություններ կան, որ գործող կառավարության անդամներից մեկը Երևանի փոքր կենտրոնում 35 բնակարան ունի, մյուսների կարողությունը թեև նույնքան մեծ չէ, բայց բոլորն էլ մեկից ավելի բնակարան ու առանձնատներ ունեն: Ինչո՞ւ, ուրեմն, նրանք հրապարակայնորեն չհայտարարեն, որ իրենց ունեցվածքը հանձնում են սիրիահայերի տնօրինմանը, մինչև նրանք սեփական բնակարան չգտնեն, կամ հնարավորություն չունենան վերադառնալ Սիրիա: Իսկապես նժդեհյան գաղափարախոսությանը համահունչ ակցիա կլինի, և բոլորը կհամոզվեն, որ իշխանությունը ոչ միայն խոսքով, այլ նաև գործով է ազգային:
Այլապես իր այս վարքագծով Սփյուռքի նախարարությունը թշնամացնում է տեղացիներին և սիրիահայերին: Տեղացիները սիրիահայերին «քցող» ու խաբեբա են համարում, իսկ սիրիահայերը տեղացիներին` անսիրտ ու անհոգի, ովքեր փորձում են դժբախտության մեջ հայտնված իրենց հայրենակիցների հաշվին հավելյալ գումար աշխատել: Գուցե Սփյուռքի նախարարությունում սա հատուկ մշակված ռազմավարություն է. եթե սիրիահայերը չհարմարվեն մեր պայմաններին, նրանք ստիպված կլինեն լքել Հայաստանը` դրանով ուժեղացնելով Սփյուռքը, ինչն էլ այդ նախարարության մյուս խնդիրն է:
«168 ԺԱՄ»