«Հանրապետական կուսակցությունը խայտառակեց ինքն իրեն»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, եթե փորձենք գնահատել Հայաստանի քաղաքական իրադարձությունների վերջին շրջանի երկու կարևոր հանգրվանները` ապրիլի 9-ը` հետընտրական զարգացումների ավարտը, և մայիսի 5-ը` Երևանի ավագանու ընտրությունները, արդյոք կարո՞ղ ենք համարել, որ դրանց արդյունքում ընդդիմությունը և նրան աջակցող, իշխանությունից դժգոհ հասարակության ստվար հատվածը պարտվեց:

– Նախագահի երդմնակալությունից մինչև Երևանի ընտրություններն ընկած ժամանակահատվածում մենք տեսանք երկու կարևոր զարգացումներ. առաջինը` վերաբերում է ընդդիմությանը, երկրորդը` իշխանությանը: Առաջինը` ընդդիմությունը կորցրեց միավորվելու հնարավորությունը, ընդդիմադիր ուժերը չկարողացան հաղթահարել իրենց տարաձայնությունները և սեփական էգոն` ինքնահավանությունը, և այդ պատճառով պատժվեցին ընտրողների կողմից: Երկրորդ գործոնը վերաբերում է իշխանությանը. Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը ևս մի կորսված հնարավորություն էր իշխանությունների համար` ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարության զարգացման և այս անընդունելի ընտրախախտումներին վերջ տալու համար:

Այլ կերպ ասած` չնայած այն հանգամանքին, որ Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելի փոքր մասշտաբներ ունեին, սակայն ավելի վատ անցկացվեցին, ընտրախախտումներն ավելի կոպիտ էին, ավելի ակնհայտ և ավելի անընդունելի:

– Իսկ կարելի՞ է ասել, որ դրա պատճառը նախագահական ընտրություններում իշխանության հաղթանակն էր և դրա հետևանքով առաջացած վստահությունը:

– Նախ` Երևանի ընտրությունները, որոնք հաջորդեցին նախագահական ընտրություններին, պետք է շատ ավելի քաղաքակիրթ լինեին, քան եղան, իշխանությունները պետք է շատ ավելի ինքնավստահ լինեին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում: Եվ միաժամանակ հիմնական գործոնը դարձավ տեղական ընտրատարածքներում իշխող Հանրապետական կուսակցության աջակիցների համակարգը, այսինքն, չհաշված «Բարգավաճ Հայաստանի» կողմից կատարված մի քանի ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը, հիմնականում Հանրապետական կուսակցությունն էր, որը խայտառակեց ինքն իրեն:

Այս առումով` պետք է ընդգծեմ մի շարք օլիգարխների, հատկապես` Սամվել Ալեքսանյանի պահվածքը, և բացի այդ` Հանրապետական կուսակցության համար խայտառակություն էր այն, որ ամենաակնառու ընտրախախտումների մեջ էին ներգրավվել կուսակցության վատագույն վարքագիծ ունեցող տարրերն ու աջակիցները: Այլ խոսքերով ասած` ընտրությունները անցկացման գործընթացն ընտրությունների օրը բացահայտեց Հանրապետական կուսակցության ամենավատ կողմերը, իսկ ընտրությունների արդյունքները ցուցադրեցին Հանրապետական կուսակցության և դրա ներկայացուցիչների անընդունելի կեցվածքը:

Եվ վերջապես, պետք է ավելացնել, որ իրական մարտահրավերն իշխանությունների համար նրանց ուղղված հետևյալ ուշագրավ հարցն է. եթե Հանրապետական կուսակցության ղեկավարությունը և նախագահն այդքան ուժեղ են, ապա ինչո՞ւ տեղի ունեցան այս բոլոր անկարգություններն ընտրությունների ժամանակ, կամ միգուցե նրանք այնքան թույլ են, որ չկարողացա՞ն անգամ վերահսկել իրենց իսկ կուսակցության անդամներին: Այսինքն` եթե նրանք ուժեղ լինեին, խախտումներ երբեք տեղի չէին ունենա, հետևաբար` իրականում նրանք թույլ են:

– Որքանո՞վ եք համաձայն ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` վերջին ելույթում արտահայտած տեսակետին, որ «Սերժ Սարգսյանի «վերընտրությունն» ընդամենը պուռոսյան հաղթանակ է»:

– Ես և՛ համաձայն եմ, և՛ միաժամանակ համաձայն չեմ: Համակարծիք եմ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ այն հարցում, որ ընտրություններում, այսպես ասած, հաղթանակն իրականում ոչ թե հզորության, այլ թուլության նշան էր: Բայց դա անակնկալ չէր, որովհետև Հայաստանում` առաջին նախագահական ընտրություններից հետո, չեն եղել ազատ և արդար ընտրություններ: Սակայն ավագանու ընտրությունների տարբերությունը նախորդների նկատմամբ այն է, որ դրանք հատեցին համբերության բոլոր սահմանները, և ևս մի այսպիսի ընտրություններ անցկացնելն արդեն չափից ավելին կլինի:

Եվ արդյունքը ճնշումն է ոչ միայն հայ հասարակության, այլև միջազգային հանրության կողմից` հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ: Սակայն որոշ հանգամանքների առկայության դեպքում սրանք կարող են դառնալ Հայաստանի վերջին կեղծված ընտրությունները, որովհետև նախագահ Սարգսյանը, որպես քաղաքական էլիտա, գտնվում է անցումային և անկումային վիճակում, նա վերջին մոհիկանն է: Հաջորդ ընտրությունները կձևավորեն նոր քաղաքական վերնախավ, և պարտադիր չէ, որ այն ավելի լավը կլինի, մենք չենք կարող կանխագուշակել:

– Իսկ արդյոք այդ մոհիկանները Հայաստանի քաղաքական վերնախավում մի փոքր երկարակյաց չե՞ն:

– Ո՛չ, նախագահ Սարգսյանը վերջինն է Լեռնային Ղարաբաղի վերնախավից, որն իշխանության է եկել ղարաբաղյան հակամարտության արդյունքում: Ժամանակները և քաղաքական իրականությունը փոխվել են:

– Իսկ ավագանու ընտրությունների արդյունքները սպասելի չէի՞ն նույն ընդդիմադիր ուժերի` «Բարև, Երևանի», ՀԱԿ-ի, Դաշնակցության և մյուսների համար, ինչո՞ւ էին նրանք վստահաբար համոզում հասարակությանը, որ այս ընտրությունները հնարավոր է վերահսկել և դրանք դարձնել հանգրվան` իշխանափոխության համար պայքարում:

– Որովհետև մեր սպասումներն այնքան փոքր են, և յուրաքանչյուր ընտրություն իսկական հիասթափություն է մարդկանց համար: Սակայն դա պետք է խրախուսի դժգոհությունը և ակտիվությունը հասարակության շրջանում:

– Այնուամենայնիվ, այս ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքացիներին այնքան էլ չի հետաքրքրում դրանց քաղաքական նշանակությունը, կամ` թե ով կտնօրինի մի ամբողջ քաղաքի բյուջեն, ինչպես այն կբաշխվի, և այլն, քանի որ ընտրության որոշիչ գործոն դարձավ ընտրակաշառքը: Արդյոք չե՞նք կարող եզրակացնել, որ Հայաստանում ընտրական գործընթացը, որպես այդպիսին, սպառվել է:

– Մենք կարող ենք հասկանալ այդ զգացումը` ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հանրապետության մակարդակով, քանի որ արդեն երկար տարիներ Հայաստանի ընտրողները չունեն այլընտրանք ընտրությունների ժամանակ: Դրա վտանգն այն է, որ դուք կարող եք ստանալ այնպիսի ընտրություններ, որին արժանի եք: Այլ կերպ ասած` Հայաստանի ընտրողը պետք է լինի ավելի ակտիվ և չլինի անտարբեր, և մարդիկ պետք է հասկանան, որ «դանակն արդեն ոսկորին է հասել»:

– Իսկ ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում Հայաստանում այս երկու ընտրություններից հետո:

– Ընդհանուր առմամբ` կարող ենք փաստել, որ այս ընտրությունները պարտություն էին ընդդիմության համար, որն ի վիճակի չեղավ առաջ բերել հստակ այլընտրանք, այսինքն` ընդդիմությունը չկարողացավ միավորվել: Բայց նույնիսկ առանձին-առանձին նրանք, օրինակ` Դաշնակցությունը, չկարողացան հետաքրքրություն առաջացնել ընտրողների շրջանում: Սա ընտրություն էր` առանց հաղթողների, և բոլորն էլ պարտվեցին. պարտվեցին և՛ քաղաքացիները, և՛ կուսակցությունները: Այն, ինչ մենք պետք է ակնկալենք կամ հուսանք, անցումային շրջանն է և նոր քաղաքական վերնախավի` նոր իշխանության և նոր ընդդիմության ձևավորումը: Եվ երկուսի համար էլ գլխավոր մարտահրավերը պետք է լինի նոր վերնախավը, որում պայքարը հիմնված կլինի քաղաքական կուրսերի տարբերության, այլ ոչ թե տարբեր անձերի վրա:

– Այսինքն` քաղաքական վերնախավը պետք է դո՞ւրս գա անձի պաշտամունքի շրջանակներից:

– Ոչ միայն, այսինքն` քաղաքական պայքարն այլևս պետք է վերաբերի ոչ միայն անձերին, այլև նրանց առաջարկած քաղաքական գաղափարներին:

– Իսկ ընտրական գործընթացներից դուրս հնարավո՞ր են քաղաքական պայթյուններ, նոր վերնախավի ձևավորում, և այլն:

– Ավելի ուժեղ ժողովրդավարական համակարգերում քաղաքական ակտիվությունը չի սահմանափակվում միայն ընտրություններով: Քաղաքացիական ակտիվությունը պահանջում է քաղաքական արշավների կազմակերպում և պայմանավորված չէ ընտրությունից ընտրություն կատարվող որոշակի քայլերով: Դա նաև նշանակում է, որ իշխանությունները պիտի ավելի հաշվետու լինեն հասարակության առջև` իրենց քայլերի համար, և դա պետք է անեն ամեն օր, և ոչ թե` միայն ընտրությունների օրը:
Երկրորդը` բոլոր մարտավարությունները, որ կիրառվեցին ընդդիմության կողմից, չաշխատեցին: Այդ հանրահավաքները, որոնք անցկացվում են ամսական մեկ-երկու անգամ, այլևս չեն արդարացնում իրենց:

Ի դեպ, այս մարտավարությունը չի արդարացնում իրեն 1988 թվականից ի վեր: Անհրաժեշտ են ավելի պրոֆեսիոնալ և ավելի իմաստալից քաղաքական քարոզարշավներ, և, բացի այդ, պետք է բարձրացնել քաղաքական մշակույթի մակարդակը: Եվ սրանք շատ ավելի կարևոր են ժողովրդավարության կառուցման գործում, քան միայն ընտրությունները:

– Խոսենք տարածաշրջանային զարգացումների մասին: Վերջին շրջանում միջազգային ասպարեզում կարծես առավել ակտիվացել են քննարկումները` Սիրիայի հակամարտության շուրջ: Ռուսաստան այցելեցին ԱՄՆ-ի պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ի՞նչ նոր զարգացումներ կարելի է սպասել Սիրիայում, և որքանո՞վ է հավանական անցումային կառավարության ստեղծումը:

– Ես համաձայն չեմ հարցադրման հետ այն մասով, որ որևէ նոր բան չկա և ոչինչ չի փոխվել Սիրիայում, այսինքն` այն կարծես ֆիքսված պրոյեկցիա է. Սիրիայում տեղի ունեցող գործողությունները` պատերազմը, ճգնաժամը և մյուս բոլոր գործընթացներն ընթանում եմ իրենց հունով, և ամերիկացիները, ռուսները, իրանցիները, իսրայելցիները և մյուսները միայն արտաքին գործոններ են և չեն ազդում այդ ուղղության վրա: Եթե պատկերավոր նկարագրեմ, այն հրթիռ է, որը շարժվում է դեպի կործանում, և նույնիսկ արտաքին գործոնները` իսրայելական, ամերիկյան կամ ռուսական, չեն կարող փոխել այդ ուղին:

Հայաստանի տեսանկյունից հետաքրքրական է, որ սիրիական մոդելը շատ նման է ադրբեջանական մոդելին: Միաժամանակ սա ցույց է տալիս Սիրիայի հայկական համայնքի ներսում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները, և նաև ցուցադրում Հայաստանի արտաքին քաղաքականության սահմանափակությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է շատ ավելին անել, բայց, իհարկե, ոչ բոլոր դեպքերում և, մասնավորապես` ոչ այս դեպքում:

– Իսկ ճի՞շտ է Հայաստանի չեզոք կեցվածքն այս հարցում:

– Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը չեզոք դիրքերում է: Հայաստանը խզել է իր բոլոր հարաբերությունները Սիրիայի իշխանությունների հետ, այսինքն` Հայաստանը չեզոք է հակամարտությանը չմիջամտելու տեսանկյունից, բայց նա բավարար խելոք գտնվեց` չկանգնելու պարտվող կողմի կողքին: Ակնհայտ է, որ սիրիական կառավարությունը երբեք չի վերականգնվի:

Ինչ վերաբերում է բուն հակամարտությանը, ապա պետք է նշել, որ Ռուսաստանն արդեն մեկ տարի բանակցություններ է սկսել ապստամբների հետ, պարզապես միակ հանգամանքն այն է, որ Ռուսաստանն ավազի վրա կարմիր գիծ է անցկացրել` հայտարարելով, որ Սիրիան կլինի վերջին մերձավորարևելյան երկիրը, որտեղ տեղի կունենա հեղափոխություն: Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայում չի վերաբերում Սիրիային, այլ ավելի շատ նվիրված է ԱՄՆ-ի քաղաքականությանը հակադրվելուն: Բայց արդեն մեկ տարի է, ինչ Ռուսաստանն ընդունել է, որ սիրիական կառավարությունն այլևս չի պահպանվի: Բայց մյուս կողմից` չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Սիրիայում ունի նավատորմ:

Իսկ ինչ վերաբերում է Մոսկվայում Ջոն Քերրիի և ՌԴ նախագահ Վ.Պուտինի հանդիպմանը, ապա նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Մոսկվա ոչ թե հակադրվելու միտում ուներ, այլ ավելի շատ միտված էր համագործակցության: Բայց քանի որ այս հիմնախնդրում ավելի մեծ դերակատարություն և ներգրավվածություն է ուզում ունենալ Թուրքիան, դրա հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունները վատթարանալու միտում են ստանում: Իր հերթին` սա բավական ուշագրավ է Հայաստանի համար:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք փոխհամաձայնությունը` սիրիական հիմնախնդրի շուրջ:

– Ոչ, այլևս հնարավոր չէ: Սիրիայի իշխանությունները չափից ավելի շատ քաղաքացիների են սպանել և օգտագործել են քիմիական զենք, և սա արդեն անհնար է դարձնում որևէ երկխոսություն կամ փոխհամաձայնություն:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս