ՀԱԿ-ը դիմել է Հատուկ քննչական ծառայություն
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդումների փաթեթ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով քրեական գործեր հարուցել, նախաքննություն սկսել Երևանի մի շարք ընտրատեղամասերում իրենց վկայակոչած «հանցագործության փաստերի» առնչությամբ, հայտնաբերել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Փաթեթը ներառում է մեկ տասնյակ հաղորդումներ մոտ երեք տասնյակ դեպքերի մասին:
Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հաղորդումների մեջ ամփոփել են Երևանի ավագանու ընտրություններում բաց քվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունների, գրանցամատյանների անհետացման, վստահված անձանց նկատմամբ բռնությունների, թաղային հեղինակությունների կողմից ընտրությունները ուղղորդելու և այլ դեպքեր: Խաչատրյանը վկայակոչեց ամենաաղմկահարույց փաստերը Մալաթիայի, Կենտրոնի, Էրեբունու, Նոր Նորքի ընտրատեղամասերից:
«Օրինակ, 9/28-ում գործի դրվեցին 2003, 2007 թվականների ավանդույթները` տոտալ, բռնի ուժի կիրառմամբ ընտրությունները կեղծելու ավանդույթները. հանձնաժողովը գրեթե զրկված է եղել իր նորմալ գործունեությունն իրականացնելուց, ըստ էության, տեղի է ունեցել բաց քվեարկություն, գործել է երկու խումբ. մի խումբը դրսից բերել է ընտրողներին, մյուս խումբը հենց քվեարկության կենտրոնում վերահսկել է այդ քվեարկությունը: Ինչպես նաեւ նշված են նույն տեղամասի հանձնաժողովի կողմից կատարված ապօրինություններ, ինչպիսիք են` ամփոփիչ թերթիկի տվյալների փոփոխություն, քվեաթերթիկների անհետացում: Միայն այդ տեղամասի հետ կապված մեկ հաղորդման մեջ ներկայացված են մի շարք դեպքեր, որոնք պարունակում են հանցակազմ»,- ասել է Խաչատրյանը:
«Այդպիսի տեղամասեր կան նաև Մալաթիայում. ուզում եմ հիշատակել. մասնավորապես, 8/22 տեղամասը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների` այդ տեղամասի մատյանը գողացվել է, գրանցամատյանը պարզապես գոյություն չունի», – հավելեց նա:
Կոնգրեսի ներկայացուցիչներին այդպես էլ չի հաջողվել բացել տալ նշված 8/22 տեղամասի պարկերն ու փաստաթղթերը: Չնայած թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին վերահաշվարկի դիմում ներկայացված եղել է, սակայն հանձնաժողովը այլ դիմումներով այլ տեղամասերի պարկեր է բացել, մինչ վերահաշվարկի համար սահմանված ժամկետն ավարտվել է, եւ հերթը այս տեղամասին այդպես էլ չի հասել:
«Այստեղ ակնհայտ անգործություն կա ընտրատարածքային հանձնաժողովի կողմից, սակայն այդ անգործությունը հանցավոր գործողություններ պարտակելու միտում է ունեցել», – ընդգծել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
10/06 տեղամասի վերաբերյալ Արմեն Խաչատրյանը «կրկնակի քվեարկության» դեպքեր մատնանշեց:
ՀՔԾ ներկայացված ՀԱԿ-ի փաթեթում ներառված չեն այն դեպքերը, որոնց վերաբերյալ ոստիկանությունում հարուցված քրեական գործեր կան: Ոստիկանության վերջին հաղորդագրության համաձայն` ավագանու ընտրություններում խախտումների կապակցությամբ 8 քրեական գործեր են հարուցվել, մի քանի տասնյակ ահազանգեր եւ հաղորդումներ էլ ուսումնասիրվում են: