Բաժիններ՝

Պահանջարկի օրենքը, գործի բացակայությունն ու «ճ կլասի» աստեղային ժամը

Հայաստանյան լրատվամիջոցներին վերջին շրջանում շատ են քննադատում՝ կրկնվելու, ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի, մակերեսային մոտեցման ու ոչ կարևոր տեղեկատվություն մատուցելու համար:

Դժգոհում են հատկապես այն դեպքերում, երբ լրատվամիջոցներն իրենց էջերում կամ կայքում տեղ են տալիս իրենցից ոչինչ չներկայացնող գործիչներին, նրանց կարծիքը, կամ` «լուր» են հաղորդում Քիմ Քարդաշյանի հերթական անպարկեշտ հագուստի մասին:
Այս մեղադրանքներն ինչ-որ տեղ արդարացված են, սակայն չէր խանգարի մի փոքր անդրադառնալ այդ խնդրի պատճառներին:

Ինչո՞ւ են հայկական մամուլի էջերում հայտնվում մարդկանց կարծիքներ, որոնց, իրենց տան սահմաններից բացի, ոչ ոք չի ճանաչում:

Այս երևույթը կարելի է բացատրել մի օրինաչափություն-կանոնով, որը տնտեսագիտության մեջ կոչվում է՝ պահանջարկի օրենք: Դրա իմաստն այն է, որ եթե որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկը մեծանում է, գնորդների թիվը՝ շատանում, իսկ այդ ապրանքի քանակությունը չի ավելանում, ապա դրա գինն անխուսափելիորեն բարձրանում է:

Որոշ վերապահումներով կարելի է ասել, որ նույն բանը կատարվում է լրատվական դաշտում:

Վերջին տարիներին ու հատկապես վերջին ամիսներին լրատվական կայքերի թիվը շեշտակիորեն աճել է և շարունակում է աճել: Գրեթե ամեն շաբաթ ի հայտ է գալիս մի նոր կայք՝ խոստանալով ընթերցողին մատուցել թարմ, օպերատիվ ու օբյեկտիվ տեղեկատվություն:

Սակայն լսարանը նույնն է. ընթերցողների քանակը չի մեծանում: Ավելին՝ հաշվի առնելով շարունակվող արտագաղթը՝ դեռ մի բան էլ նվազում է: Տեղեկատվության բազան նույնպես սահմանափակ է. նույն մարդիկ, նույն երևույթները: Ու այս պայմաններում ԶԼՄ-ների մեջ թեժ մրցակցություն է ծավալվում: Լրատվամիջոցները մեկը մյուսի հետ մրցում են ոչ միայն ընթերցող «փախցնելու» համար, այլ նաև՝ լուրեր: Լրատվական դաշտում իսկական «լուրի որս» է. յուրաքանչյուրը փորձում է առաջինը հաղորդել ինչ-որ բանի մասին կամ բացառիկ լուր տալ: Լինել միակը կամ առաջինը, ով կփոխանցի ինչ-որ մեկի ասածը կամ արածը: Ու սրա արդյունքում՝ շահում են մարդիկ, ովքեր իրենցից, մեծ հաշվով, ոչինչ չեն ներկայացնում:

8-րդ դասարանի կրթություն ունեցող ինչ-որ մեկն ինչ-որ բան է գրում Ֆեյսբուքում, ու դա միանգամից դառնում է «լուր»: Մի թեթև խմբագրում են (կամ դա էլ չեն անում), ինտրիգային վերնագիր են հորինում ու տեղադրում կայքում:  Մեկ անգամ, երկու, երեք… Եվ այդ մարդը մի օր հանկարծ տեսնում է, որ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Իր ասածների մասին գրում են, տարածում, քննարկում: Ոգևորվում է, ավելի շատ է գրում: Ու մյուսներն էլ՝ նրա «հաջողությունը» տեսնելով, իրենք էլ են ոգևորվում: Մեկը «ստատուս» է գրում, մյուսն ամեն օր ասուլիս է տալիս, երրորդն ինչ-որ անիմաստ ակցիա է իրականացնում: Ու այդպես, կամաց-կամաց հայտնվում են լրատվական դաշտի ու հասարակության շալակին: Այսինքն՝ լրատվական դաշտի կողմից պահանջված լինելու արդյունքում՝ մեծանում է իրականում արժեք չունեցող ասելիքի դերը:

Սակայն սա այնքան էլ մտահոգիչ պատճառ չէ: Ի վերջո, մրցակցությունը վատ բան չէ, ու չնայած իր կողմնակի բացասական էֆեկտներին, այն ի վերջո դրական արդյունք է տալու:

Կա ավելի խորքային ու շատ ավելի մտահոգիչ պատճառ, որի մասին  նշեցինք վերևում:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանում, մեծ հաշվով, ոչինչ չի կատարվում: Կան միայն խոսքեր՝ առանց գործի:

Պատկերավոր ասած, Հայաստանում սեղան-աթոռ չի արտադրվում, և այդ մասին չի գրվում: Փոխարենը՝ 1000 հոգի խոսում են սեղան-աթոռներից. մեկն ասում է, թե ինչպես է պետք արտադրել, մյուսը՝ թե ժամանակին ինքն ինչպես էր արտադրում, երրորդը՝ թե ինչպես կարտադրի, եթե իրեն փայտ տան ու գործիքներ… Ընդ որում՝ խոսողները միշտ նույնն են, խոսելու թեման՝ նույնպես:

Հատկապես ընտրական ցիկլի ավարտից հետո ակնհայտ է, թե հայկական իրականությունը որքան լճացած է: Իսկ լճացած իրականության պարագայում որակյալ լրատվություն ակնկալելը միամտություն է:

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին և մյուս կիսամերկ աստղերի մասին լուրերին, ապա, իհարկե, մամուլը նրանցով լցնելը ցանկալի չէ: Սակայն, մյուս կողմից՝ նրանք գոնե ինչ-որ բան անում են (թեկուզ անպարկեշտ կամ անիմաստ): Իսկ ընթերցողը խոսողներից հոգնել է. անողներն են հետաքրքիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս