Բաժիններ՝

«Բենթլին» ինձ համար սովորական բան ա. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ. մամուլ

«Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն գործող իշխանության անքակտելի մասն է: Նրան կարելի է հանդիպել իշխանության, մասնավորապես Հանրապետական կուսակցության գրեթե բոլոր միջոցառումներին, կուսակցական համագումարներին, բացառությամբ գործադիր մարմնի նիստերից նա ամենուր լինում է: Այստեղ դեռ չի գալիս:

Գաղտնիք չէ, որ, քաղաքական հետաքրքրություններից բացի, հոգևոր հովիվն ապրում է աշխարհիկ իշխանությանը հատուկ վայելքներով: Նա էլ, ինչպես բարձրագույն պաշտոնյաներն ու օլիգարխները, ունի աշխարհիկ գանձեր: Իսկ ի՞նչ իրավիճակ է հովվի հոգում, կա՞ն արդյոք այնտեղ գանձեր, փորձեցինք պարզել երեկ Հաղթանակի զբոսայգում, երբ տոնի առթիվ վետերանների ու Հովիկ Աբրահամյանի հետ ստիպված էր ճաշակել աղքատների կերակուր»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և ներկայացնում արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի հետ հարցազրույցը:

– Սրբազան, մեր երկրում տիրող վիճակը՝ արտագաղթը, կեղծված ընտրությունները Ձեզ՝ որպես հոգևոր հովվի , հուզո՞ւմ են:

– Ինձ էդպիսի հարցեր մի տուր՝ ընտրություններ և այլն…

– Երկրի վիճակը, արտագաղթը հուզո՞ւմ են:

– Երկրի վիճակը՝ ինչպես բոլոր մարդիկ, էնպես էլ՝ ես:

– Դուք ինչպե՞ս…

– Ինչպես դու ես անհանգստանում, էնպես էլ՝ ես:

– Սրբազան, Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց տպավորություն է, որ հոգևոր դասը քաղաքականության մաս է կազմում, քաղականացված է:

– Այդ տպավորությունը սխալ է…

– Պարբերաբար մամուլում գրվում է Ձեր ահռելի ունեցվածքի մասին, մինչդեռ ժողովուրդը…

– Ի՞նչ ունեցվածքի, ոսկիների՞:

– Օրինակ, թանկարժեք «Բենթլիի:

– Մեքենան ի՞նչ ա, դատարկություն, էդ իրանց համար գանձ ա, ինձ համար՝ սովորական բան:

– Եվ Դուք հոգևորական եք ու ունեք այդ սովորական բաները…

– Բայց ես հերքե՞լ եմ, որ ունեմ:

– Ձեզ որտեղի՞ց, նվե՞ր եք ստացել, գնե՞լ եք…

– Բայց ես դա չեմ հերքել, ես դա չեմ համարում գանձ, ովքեր ասում են գանձ, իրենց համար է գանձ, ինձ համար սովորական բան է:

– Իսկ Ձեր համար ի՞նչն է գանձ:

– Բայց ինչո՞ւ ես զարմացել, դա գա՞նձ ա…. Դե ուրեմն վերջացավ, սովորական բան ա:

– Ամեն դեպքում, աշխարհիկ գանձերը Ձեզ հետաքրքրում են, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներին, չէ՞…

– Ինձ մտահոգում է Ձեր այդպիսի մտածելակերպը:

– Իսկ ես ինչպե՞ս պետք է մտածեմ:

– Ուղիղ, անկեղծ:

– Ես անկեղծ մտածում եմ, որ մեր հոգևոր առաջնորդները հետաքրքրված են աշխարհիկ վայելքներով, շքեղ կյանքով, ձգտում են գանձերի, ինչպես մեր քաղաքական այրերը:

– Իսկ ես մտահոգված եմ, որ դու այդպես ես մտածում:

– Այդպես մտածում են բոլորը՝ տեսնելով Ձեր շքեղ «Բենթլին»:

– Ուրեմն դա Ձեր աշխարհայացքի աղքատությունն է, որ Դուք դա համարում եք գանձ, իսկ ես համարում եմ, որ դա ոչինչ է: Դուք ուզում եք ճանճից փիղ սարքեք:

– Արտագաղթը, օրինակ, Ձեզ մտահոգո՞ւմ է:

– Իսկ դու ցույց տուր մի մարդ, որն անհանգստացած չի:

– Այդ դեպքում ինչո՞ւ չեք հորդորում իշխանությանն այնպես աշխատել, որ չդատարկվի երկիրը:

– Էդ հարցով դիմիր պաշտոնյաներին, էսօր տոն ա, եկել ես, հարցազրույց ես անում… ավելի հետաքրքիր հարցեր չկա՞ն:

– Օրինակ, որո՞նք են հետաքրքիր հարցերը:

– Օրինակ, դու կարող ես ամուսնանալ, սիրել, երեխաներ ունենալ:

– Դա իմ անձնական կյանքն է, դրանից ես եմ օգտվում կամ տուժում, ժողովուրդը չի տուժում: Ձեզ մտահոգո՞ւմ է մեր ժողովրդի վիճակը:

– Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ, էդքան բան:

– Իսկ աղքատների խնդիրնե՞րը:

– Հոգով աղքատներինն ավելի ա հետաքրքրում, էս գրի ու ընդգծի:

– Մեր հոգևոր առաջնորդները հոգո՞վ են հարուստ, թե՞ ունեցվածքով:

– Հոգևոր աղքատությունն ինձ ավելի ա մտահոգում, քան նյութականը:

– Իսկ Դուք հոգո՞վ եք ավելի հարուստ, թե՞ ունեցվածքով:

– Բնականաբար, հոգով:

– Հոգով հարուստ լինել, ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում:

– Հոգևոր, բարոյական, իմացական արժեքների պատկանելն է նշանակում հոգով հարուստ մարդ:

– Այդպիսի քարոզներով դիմո՞ւմ եք մեր իշխանավորներին:

– Դա մարդկային հատկանիշ ա, իշխանավոր լինի, ոչ իշխանավոր, տարբերություն չկա, դա մարդու կերպարից ա գալիս, կապ չունի՝ իշխանություն ունի, թե չունի, անհատական է:

– Իսկ ովքե՞ր այսօր իշխանություն ունեն, սրբազան, հոգով հարուստնե՞րը, թե՞ աղքատները:

– Իրական իշխանությունը չի երևում ով ունի, որովհետև երկնքից ա, էդ պիտի էությամբ զգաս, ես նկատի չունեմ աթոռները… պետությունն ազգին է պատկանում:

– Իսկ ո՞վ է ղեկավարում պետությունը:

– Պետությունը ղեկավարում են ձեր ընտրած մարդիկ…

– Ասում են՝ ընտրությունը կեղծվել է:

– Արդեն մտնում ենք քաղաքական դաշտ, ես չեմ ուզում պատասխանել էդ հարցին՝ կեղծվել են, ո՞ւմ համար, ո՞նց…

«ՀԳ — Ուշագրավն այն է, որ ցոփ ու շվայտ կյանքով ապրող հոգևոր հովվի իդեալը 5-րդ դարի եկեղեցում ճգնող հոգևորականությունն է: «5-րդ դարի հոգևորականությունն իմ իդեալն ա, գնացեք-տեսեք ինչպես է, ու ինձ կհասկանաք»,- դիմեց մեզ Կճոյանը: Մեր հակադարձմանը, թե հիմա իրենց՝ հոգևոր այրերի հայացքներն ու ապրելակերպը ո՞ր դարին են համահունչ, ասաց. «Եթե կուզենաս՝ հիմա պրոբլեմների մեջ ա…. ազգն ա հոգևոր, հոգևորին ազգից տարանջատում եք… էդպիսի բան չկա»»:

Գայանե Սարիբեկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս