Վարդան Բոստանջյան. Մեկի փոփոխությունը կամ նորի առաջադրումը չի կարող էականորեն փոխել իրավիճակ
«Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները զգալի չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե շտապում գնահատականներ հնչեցնել նոր կառավարության գործունեության արդյունավետության մասին:
Վ. Բոստանջյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար Կառավարությունը կաշխատի ավելի հետևողականորեն:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելով հանդերձ, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունումփոխվեցին հենց տնտեսական ոլորտի պատասխանատուները: Ի պատասխան Բոստանջյանը նշեց.
«Փաստորեն, ըստ էության, տոկոսային աճերի առումով նրանք էական նշանակություն չունեն: Մենք ունենք ոչ հզոր տնտեսություն ու փոքրիկ փոփոխություններն անգամ կարող են բերել աճի: Բայց բոլոր պարագաներում այդ աճը ես չէի ցանկանա պայմանավորել անձերով ու մեկի փոփոխությունը կամ նորի առաջադրումը, կարծում եմ, չի կարող էականորեն փոխել իրավիճակը: Ես հակված եմ մտածել, որ ամեն դեպքում պետք է հետևողական աշխատանք իրականացնել ու լուծել մեր իրականության մեջ առկա բազմաթիվ կնճռոտ հարցերը, որոնք արտահայտվում են հատկապես չզսպվող արտագաղթի մեջ, որի ահագնացող տեմպերը՝ ազգային անվտանգության տեսանկյունից, պահանջում են ավելի նոր, արդյունավետ, առարկայական աշխատանքի իրականացման. այլ տարբերակ չկա»:
Հարցին, թե Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նախարարների մեծ մասը վերանշանակվեցին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ գոհ էին իրենց աշխատանքից, Վարդան Բոստանջյանը ժպտալով պատասխանեց. «Չափազանց, սարսափելի գոհ էր ամբողջ հասարակությունը»: