Սասուն Միքայելյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց, գնաց…»

«Եթե համեմատենք 2009-ի և 2013-ի Երևան քաղաքի ընտրությունները, բնական է` տարբերությունները կտեսնենք. որքան էլ իշխանությունները խախտումներ են արել, բայց այն մարդիկ, ովքեր համախոհ են տվյալ կուսակցությանը, իրենց ձայնը տվել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի ազատամարտիկ ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը` իր գնահատականը տալով Երևանի ավագանու վերջին ընտրությունների վերաբերյալ:

Սասուն Միքայելյանը նշեց, որ իշխանությունը, բնականաբար, դիմել է ընտրախախտումների այնպիսի մասշտաբներով, որ, ըստ նրա, անհնար է դրանք վերահսկել կամ կառավարել: Հատկապես հաշվի առնելով օրվա խորհուրդը` Շուշիի ազատագրումը, Սասուն ջոկատի հրամանատարը խոսեց այսօր ժողովրդի միասնականության պակասի մասին և ընդգծեց, որ իշխանությունները պետք է մտածեն երկիրը ոչ թե ի շահ անհատի ծառայեցնելու, այլ պետության շահերի հիման վրա առաջ տանելու մասին:

«Բայց ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի տարած արդյունքներին, ժողովրդի գնահատականն է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, ապա Սասուն Միքայելյանը նշեց որ երբեք չի անդամակցի դրան և հույս հայտնեց, որ Հայաստանում նոր ընդդիմություն կձևավորվի:

Կարդացեք նաև

«Կան առողջ ուժեր, կան անհատներ քաղաքական դաշտում, որ իրոք իրենց դեմքը պահել են այս տարիների ընթացքում: Ինձ թվում է` մոտակա ժամանակահատվածում` 6 ամսվա, 1 տարվա ընթացքում, նոր ուժ կձևավորվի,- կարծիք հայտնեց Սասուն Միքայելյանը,- Ժամանակի ընթացքում կձևավորվի երկու ուժ` մեկը իշխանական թևից, մեկն էլ այն մարդկանց կողմից, ովքեր իրոք պայքարում են ու պայքարելու են»:

Իսկ ինչո՞ւ այսօրվա ընդդիմադիր ուժերը չեն կարողանում միավորվել: Այս հարցին Ս.Միքայելյանը տվեց շատ կարճ ու հստակ պատասխան. «Որովհետև էդքան էլ ընդդիմադիր չեն»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե այդ նոր ուժի լիդերը կարո՞ղ է լինել Նիկոլ Փաշինյանը: Սրան Սասուն Միքայելյանը պատասխանեց բավական յուրօրինակ կերպով. «Тонкий намек на толстых обстоятельтвах?»:

Ազատամարտիկը նշեց, որ ավագանու ընտրությունների ժամանակ աջակցել է ՀԱԿԿ-ի թեկնածուին` Վահագն Խաչատրյանին, բայց ունի իր տեսակետն ընդդիմադիր պայքարի վերաբերյալ:

«Չեմ ուզում որևէ մեկին վարկաբեկել կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին վատ բան խոսեմ, բայց քանի որ այսօր Շուշիի ազատագրման օրն է, ուզում եմ զինվորական տերմինով բացատրեմ. ի՞նչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց, գնաց… իմանո՞ւմ եք, չէ՞, որ 93 թվականին եռամսյա զորավարժությունների համար մարդ էին հավաքում: Այսինքն` զորքը թողեց հրապարակներում, նոր սկսել է եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Դրա համար էլ արդյունքն էս էր»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանի ասուլիսի մանրամասները` շուտով:

Տեսանյութեր

Լրահոս