Տիգրան Սարգսյանը՝ գործերի կառավարիչ

Երեկ հրապարակված նոր կառավարության կազմը, ինչպես և կարելի էր սպասել, իրականում որևէ նորություն չէր պարունակում: Այդպիսին կարելի է համարել միայն 90-ականներին տնտեսական բարեփոխումներ իրականացնողների թիմի անդամ, տնտեսագիտական շրջանակներում հեղինակություն ունեցող Վահրամ Ավանեսյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Սակայն չափազանց դժվար է ասել՝ կկարողանա՞ այդ նշանակումը, բացի կոսմետիկ, քարոզչական էֆեկտից, որևէ գործնական փոփոխություն արձանագրել այն դեպքում, երբ համակարգը մնացել է միանգամայն նույնը: Իսկ  նույն համակարգի պահպանման դեպքում՝ հազիվ թե կարողանան որևէ էական փոփոխություն իրականացնել անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետները՝ միասին վերցրած:

Վահրամ Ավանեսյանի նշանակումը, թերևս, ոչ այնքան ներքին, որքան արտաքին մեսիջներ է պարունակում այն առումով, որ վերջինս բավական մեծ կապեր ունի միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններում, տարբեր ծրագրերի շրջանակներում աշխատել է Համաշխարհային բանկի, այլ միջազգային կառույցների հետ: Բայց արդյո՞ք Վահրամ Ավանեսյանը կարող է միայնակ փոխել այն միջավայրը, այն «գաղջ մթնոլորտը», որում ապրում է Հայաստանն՝ ընդհանրապես, տնտեսությունը՝ մասնավորապես:

Պատկերացնենք շատ պարզ իրավիճակ. Վահրամ Ավանեսյանը, ասենք, երկու ամիս հետո վարչապետի կամ նախագահի սեղանին է դնում «Հայաստանի փրկության ծրագիր», որի առաջին կետով պետք է հարկային դաշտ բերել բոլոր օլիգարխներին, ապահովել մրցակցային միջավայր, և այլն: Բայց դրանք քայլեր են, որոնց իրականացման անհրաժեշտության մասին խոսում են բոլորը՝ տարիներ շարունակ: Այսինքն՝ եթե իշխանությունը ցանկություն կամ կամք ունենար այդ քայլերն անելու, դա կարող էր անել անգամ առանց Էկոնոմիկայի նախարարության առկայության:

Մի խոսքով, այս նշանակումը, որն, ամենայն հավանականությամբ, իշխանական քարոզչությունը կներկայացնի՝ որպես «աննախադեպ» քայլ, իրականում ավելի շատ մակերեսային, ցուցադրական նշանակություն է ունենալու: Անգամ որոշակի նոր դեմքերով՝ Հայաստանում իշխանության դեմքը չի փոխվել: Ամեն ինչ շարունակվելու է նախկինի պես:

Այս քայլերով իշխանությունը ցույց տվեց, որ իշխանության ներկայացուցիչների համար սա է «Ապահով Հայաստանը», որ այս Հայաստանում փոխվում է միայն այն մարդկանց կյանքը, ովքեր «հավատում են» իշխանությանը: Այս պայմաններում, իրականում, այսօր կատարված նշանակումներով Սերժ Սարգսյանը ձևավորեց ոչ թե կառավարություն, այլ կառավարչություն: Հանրապետական կուսակցության գործերի կառավարչություն: Տիգրան Սարգսյանի կարգավիճակն էլ, ըստ էության, ոչ ավելին է, քան գործերի կառավարչության պետի կարգավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս