Սաակաշվիլին կտրականապես դեմ է հանդես եկել ռուսական գազի գնմանը
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վճռականորեն է տրամադրված՝ ընդդեմ ռուսական գազի գնման:
Բաքվում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ ռուսական գազի գնումը հակասում է երկրի անկախ քաղաքականության ուղղվածությանը. «Էներգետիկ տեսանկյունից Ռուսաստանը որպես լուրջ այլընտրանք դիտարկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ Վրաստանի անկախ կուրսի արմատական վերանայում:
Մեզ պետք չէ այդպիսի աղբյուր, որի տերը կվճռի, որ իրեն դուր չի գալիս մեր քաղաքականությունը և մի գեղեցիկ ձմեռային ցուրտ գիշեր մեզ կթողնի խավարի ու ցրտի մեջ և կհավասարեցնի հողին մեզ, ինչպես որ արել է մի քանի տարի առաջ: Ռուսաստանը ձգտում է վերահսկողություն հաստատել հարևանների վրա և այդ նպատակով օգտագործում է էներգոլծակներ:
Վրաստանը հասել է նրան, ինչը գործնականում ոչ ոք չի կարողացել նախորդ տարիներին անել ո՛չ Արևելյան Եվրոպայում, ո՛չ էլ Ուկրաինայում. ձերբազատվել Ռուսաստանից ունեցած էներգոկախվածությունից, և դա մեծ նվաճում է:
Ներկայումս անգամ Ուկրաինան է սկսել գազ գնել այլ աղբյուրներից, և ողջ Եվրոպան է փորձում ձերբազատվել Ռուսաստանից ունեցած էներգոկախվածությունից: Հակառակ ուղղությամբ Վրաստանի շարժումը կնշանակի երկիրը վերադարձնել ծանր անցյալ»:
Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն երեկ չէր բացառել, որ Վրաստանը կարող է վերսկսել ռուսական գազի գնումը, քանի որ սխալ է մեկ մատակարարից (Ադրբեջան) կախված լինելը: