Ադրբեջանի քաղաքացիները ձերբակալվել են իրանական օրենքները խախտելու պատճառով. իրանցի դեսպան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը մեկնաբանել է Իրանում Ադրբեջանի քաղաքացիներ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Խալիդա Խալիդի և նրա վարորդ Շամխալ Հուսեյնովի ձերբակալումը.
«Որպես զբոսաշրջիկ Իրան ժամանած Ադրբեջանի քաղաքացիները ձերբակալվել են իրանական օրենքները խախտելու պատճառով: Իրանում չեն կարող ոչ ոքի ձերբակալել առանց պատճառի:
Այս հարցը որոշակի չափազանցվում է: Զբոսաշրջիկի կարգավիճակով երկիր ժամանած Խալիդա Խալիդը հանդիսանում է Ադրբեջանի ԳԱԱ աշխատակից, սակայն բնական է, որ նրան չեն ձերբակալել դրա համար: Նա խախտել է մեր օրենքները:
Ներկայումս Ադրբեջանում ձերբակալված է Իրանի ավելի քան 130 քաղաքացի: Այդ անձինք հիմնականում ձերբակալվել են թմրանյութերի մաքսանենգության համար: Նրանց թվում կան տարբեր մասնագիտությունների տեր անձինք, սակայն, բնականաբար, նրանք ձերբակալվել են ոչ թե իրենց մասնագիտության, այլ՝ Ադրբեջանի օրենքները խախտելու համար:
Եթե Իրանում ինչ-որ մեկը զբաղվում է ապօրինի գործունեությամբ, ապա մեր անվտանգության ուժերը կանխում են դա: Տեղի ունեցածը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա, որոնք զարգացում են ապրում»: