Սոս Գիմիշյան. Ընտրություններում կեղծ ընդդիմությունը ձայն չստացավ
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով` մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից. ունեցանք այնպիսի ընտրություններ, ինչպիսին նախկինում է եղել, կիրառվեցին ընտրախախտումների նույն մեխանիզմները:
Ս. Գիմիշյանի հավաստմամբ, ավագանու ընտրությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելն անհնար է: Նա համամիտ չէ հնչող այն կարծիքների հետ, թե ընտրակաշառքի ազդեցությունն ընտրության արդյունքների վրա չնչին է եղել. «Վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրակաշառքը, իշխանության ստացած արդյունքների առյուծի մասն են կազմում: Իսկ, օրինակ, ՕԵԿ-ի համար վարչական ռեսուրսի կիրառում չի եղել, դրա համար էլ այդքան քիչ տոկոս հավաքեցին: Նրանց մասնակցությունն ուներ մեկ նպատակ՝ հնարավորինս փոշիացնել ընդդիմության ձայները: Բայց իշխանությունն ավելի ապահովագրված գնաց ընտրություններին»:
Ս.Գիմիշյանի կարծիքով, ընտրատեղամասերում խախտումներ չնկատվեցին, որովհետև դրանք կատարվում էին տեղամասից դուրս: Այլ հիմնավորում, նրա խոսքով, չկա, թե ինչու են ընտրել ՀՀԿ-ին:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի ստացած ձայներին, ապա Ս. Գիմիշյանն ասաց, թե իր համար ուրախալի է, որ այս ընտրություններում կեղծ ընդդիմությունը ձայն չստացավ: «Ընդդիմության քաղաքական էլիտան չի կարողանում լավագույնս կազմակերպել ժողովրդի ներուժն ու լուծել խնդիրը: Պետք է օգտագործել ժողովրդի ճնշումն ու բացատրել իշխանությանը, այլապես բյուլետեն հաշվելով մենք ոչնչի չենք հասնի: Նախ պետք է լինել ընդդիմություն, հետո խոսել ընդդիմության միավորման մասին: Իշխանությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ստացել է իր ձայները նույն մեթոդներով, բայց ոչ նրա համար, որ ունեին լավ ծրագիր: Ափսոս, որ «Ժառանգությունը» մի քիչ քիչ ստացավ, բայց դա էլ է բնական արդյունք: ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն՝ իրենց հավաքած ձայների մոտիկությամբ, ցույց է տալիս, որ կեղծ ընդդիմություն լինելը կամ քաղաքական խաղեր տալը, բերում է այսպիսի արդյունքների»:
Հարցին, թե ի վերջո ի՞նչը խանգարեց միավորվել ընդդիմությանն ընտրություններից առաջ, նա պատասխանեց, թե ԲՀԿ-ն չի կարող հույս ներշնչել, որ նրա հետ կարելի է երկրում հարց լուծել. «Իրենք պարզ, մաքուր հստակ ասում են՝ իրենք ով են: ԲՀԿ-ին ձեռնտու է այս վիճակը, նկատեք, որ երբ անգամ իր մասին խոսում են ու ասում, որ ընդդիմութուն է, չեմ լսել, որ զայրանան: Կան քաղաքական ուժեր, որոնք մասնակցել են ձայները փոշիացնելու համար: Իսկ այն պատճառաբանությունը, թե ինչո՞ւ չմիավորվեցին՝ ինձ համար մեկն է. չմիավորվեցին, որովհետև ընդդիմություն չեն»:
168.am-ի հարցին, թե ո՞ւմ ձայներն էին ուզում փոշիացնել՝ «Բարև, Երևանի՞», Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Որոշ իմաստով՝ այո»: