
Մոտ ժամանակներս Էտնա հրաբուխը կընդգրկվի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում

Euromag-ի փոխանցմամբ՝ Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբուխը մոտ ժամանակներս կհամալրի UNESCO-ի պաշտպանության տակ ներառված իտալական օբյեկտների ցանկը:
UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում Էտնա հրաբխի ներառման որոշման մասին հայտարարվելու է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 37-րդ նիստում, որը պետք է տեղի ունենա այս տարվա հունիսի 17-23-ին, Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում: Դրան կմասնակցի 180 երկրի ներկայացուցիչ:
UNESCO-ի հաղորդագրությունում նշվում է, որ Էտնա հրաբուխը հայտնի է հրաբխային ակտիվության բացառիկ մակարդակով, ինչն ունի 2700-ամյա վաղեմություն: Դրանում կարևորվում է նաև Էտնայի գիտական ու մշակութային նշանակությունը:
Էտնան UNESCO-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվել է 2011 թվականին: Այդ ցանկում առկա է Իտալիայի 40 մշակութային ու բնական հուշարձան: