
Իսրայելը պատրաստվում է բողոք հղել ՄԱԿ-ին՝ կապված Սիրիայի տարածքից արկերի արձակման հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ օրվա ընթացքում Սիրիայի տարածքից արձակված ականանետային երրորդ արկն է ընկել Գոլանի բարձունքներում՝ Իսրայելի կողմից վերահսկվող հատվածում ՝ չպատճառելով վնաս:
Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի ներկայացուցիչը: Իսրայելցի զինվորականները կարծում են, որ նախորդ դեպքերի նման սա նույնպես չի եղել իսրայելական թիրախների ուղղությամբ նպատակամղված կրակոց:
Նրանք կարծում են, որ այդ արկերը սիրիական բանակի ու ընդդիմության ջոկատների միջև մարտերի ժամանակ պատահաբար են արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ: Այս միջադեպը գրանցվել է տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին՝ կապված ոչ վաղ անցյալում Սիրիային հասցված ավիահարվածների հետ, ինչում Դամասկոսը մեղադրում է Իսրայելին:
Նշվում է, որ Իսրայելը բողոք է պատրաստում՝ ՄԱԿ-ին հղելու համար՝ կապված Գոլանի բարձունքների հրետակոծման հետ, ուր տեղակայված են նաև ՄԱԿ-ի խաղաղապահները: