Իրանում սկսվել է կամավորների հավաքագրում՝ Սիրիայում պատերազմելու համար. մամուլ

Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Իրանում սկսվել է կամավորների հավաքագրում՝ Սիրիայում պատերազմելու համար: Հավաքագրումը կայքի միջոցով իրականացնում են Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Խամենեիին մոտ կանգնած մարդիկ:

Այս մասին հայտնել է իրանական ծագմամբ իսրայելական մեկնաբան Մեիր Ջավեդանֆարը: Կամավորներին խնդրում են զանգահարել կամ ուղարկել SMS հաղորդագրություն: Կայքում հրապարակվել է իրանցի պատգամավոր Մուհամեդ Սալեհ Ջոկարի հայտարարությունը.

«Այսօր մեր գլխավոր ռազմաճակատը սիոնիստական կազմավորման դեմ է: Այդ ճակատը պեք է ուժեղացվի, և սիոնիզմը պետք է կործանվի: Դավաճանությունը շարունակվում է, և մենք չենք կարող ձեռքներս ծալած նայել դրան: Մենք պետք է գրվենք որպես կամավորներ և սկսենք օգնել»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Սիրիայի իշխանություններին օգնել կառավարական ուժերի զինծառայողներին մարզելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս