Հայաստանը սկսել է զրահատեխնիկայի ու ՀՕՊ-ի համակարգերի մեծածավալ արդիականացում. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը սկսել է զրահատեխնիկայի ու հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների մեծածավալ արդիականացում: Այս մասին գործակալությանը հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունում եղած աղբյուրները:

Վերջիններիս պնդմամբ՝ Լեհաստանի հետ համատեղ սկսվել է Т-72 տանկերի կապիտալ վերանորոգումն ու արդիականացումը՝ ընդհուպ մինչև РТ-72U տանկի մակարդակի: Տանկը կստանա նոր ուժային սարք՝ 1000 ձիաուժ հզորությամբ, կբարելավվի տանկի դինամիկ պաշտպանվածությունը, տանկը կստանա վանդակավոր էկրաններ, որոնք կպաշտպանեն կորպուսի հետնամասը և տանկի աշտարակը:

Տանկի վրա կտեղադրվի 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիր: Բացի այդ, տանկը կստանա շրջանաձև տեսահետևման համակարգ՝ 8 տեսախցիկով, թիրախի պանորամային հայտնաբերման ջերմազգայուն համակարգ և կապի նոր միջոցներ:

Տանկում կտեղադվի օդափոխման համակարգ, ինչը կբարձրացնի նրա անձնակազմի հարմարավետությունը: Այս բոլոր փոփոխությունները հնարավորություն կտա T-72 (ստանդարտ) տանկը գործնականում հասցնել ռուսական և ուկրաինական Т-90 և БМ Оплот վերջին տանկերի մակարդակի:

БМП-1 և БМП-2 հետևակի մարտական մեքենաները նույնպես կապիտալ կվերանորոգվեն, սակայն դա տեղի կունենա Ռուսաստանի հետ համատեղ: Դրանք մեծապես կարդիականացվեն, իրապես կբարելավվեն այդ մեքենաների տակտիկա-տեխնիկական առանձնահատկությունները: Դրանց վրա կտեղադրվեն հակատանկային նոր հրթիռներ և 30 միլիմետր տրամաչափի հրանոթներ:

Աղբյուրն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է հատկացվում ՀՕՊ-ի միջոցների արդիականացմանը: ОСА-АКМ համալիրների արդեն հայտնի արդիականացումից բացի, Ռուսաստանի հետ համատեղ արդիականացվելու են С-300ПТ-1 և С-300ПС զենիթա-հրթիռային համալիրները, որոնք հասցվելու են մինչև С-300ПМ-ի մակարդակի:

Այդ համալիրների վրա տեղակայվելու են 48Н6Е նոր հրթիռներ, որոնք կփոխարինեն 5В55Р հին հրթիռներին: Դրա շնորհիվ կրակոցի հեռահարությունը 75 կիլոմետրից կհասցվի մինչև 150 կիլոմետրի: Նոր ռադիոտեղորոշիչ կայանն ապահովում է թիրախների հայտնաբերումը մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա: Այն ունակ է միաժամանակ հայտնաբերել 6 թիրախ, որոնց վրա կարող է միաժամանակ ուղղվել մինչև երկու հրթիռ:

Տեսանյութեր

Լրահոս