Բաժիններ՝

Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը: Գրանցման գործընթացը շարունակվելու է մինչև մայիսի 11-ը՝ (օրական) ժամը 08.00-16.00-ին:

Առաջին անգամ Իրանի նահանգների մեծ մասում թեկնածուների գրանցումն անցկացվում է էլեկտրոնային ձևաչափով: Մայիսի 12-16-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կդիտարկի յուրաքանչյուր թեկնածություն:

Եթե խորհուրդը որոշի, որ թեկնածուն ինչ-ինչ պատճառներով իրավունք չունի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա թեկնածուն կարող է որոշակի ժամկետում բողոքարկել այդ վճիռը:

Իրանի ՆԳՆ-ը նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների անունները կհրապարակի մայիսի 22-23-ին, իսկ մայիսի 24-ին կսկսվի նախընտրական կամպանիան, ինչը կավարտվի հունիսի 12-ին: Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հունիսի 14-ին:

Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իրավունք չունի այդ ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը, քանի որ նա 2005 և 2009 թվականներին արդեն իսկ ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս