
Զինծառայողը աթոռակով հարված է ստացել գլխին

Վարշամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. փետրվարի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում հրամանատար Մ. Խ.-ի հրամանի համաձայն, նույն գումարտակի զորանոցում հեռուստացույց դիտելու ժամանակ անձնակազմի կողմից առաջացած աղմուկը վերացնելու նպատակով, զինվորական կարգապահությունը խախտողներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, դիտավորությամբ զինվորական աթոռակը նետել է անձնակազմի ուղղությամբ, որի հետևաքով դիպչել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, ժամկետային զինծառայող` Աշոտ Հ.-ի գլխին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության տևական քայքայումով:
Արտուշ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. փետրվարի 4-ին գտնվելով զորամասի բուժկետում` ժամը 07:30-ի սահմաններում, Վարշամ Հ.-ի ուղեկցությամբ բուժկետ այցելած Աշոտ Հ.-ի բուժզննման ժամանակ Վարշամ Հ.-ից տեղեկանալով կատարվածի մասին թաքցրել է հանցագործությունը և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net