Ստյոպա Սաֆարյան. Տարոն Մարգարյանն արդեն վարձահատույց է եղել իր համար հավուր պատշաճի աշխատող մարդկանց
«Իմ շենքում եվրոդռներ դրվեցին, չգիտեմ՝ դա իմ պատվի՞ն էր, թե՞ շենքին գայթակղելու համար էր: Իսկ երբ տանից դուրս եկա, Տարոն Մարգարյանի շտաբի տարածքում՝ կրպակաշարի դիմաց, սյուներ էին շարել ու երևանցին տեսնում էր լավ Երևանը:
Տարոն Մարգարյանն արդեն վարձահատույց է եղել նրանց, ովքեր հավուր պատշաճի աշխատել են իր համար: Սա է լինելու ավելի լավ Երևանը: Հասարակությունն ինքն իրեն պատժեց, բայց նաև մեզ պատժեց: Երբ մեր ժողովուրդը ինչ-որ մեկին սիրում է, չի դավաճանում: Չեմ կարծում, որ փետրվարի 18-ի ժողովուրդն այլ էր, մայիսի 5-ինն՝ այլ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարև, Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Տարոն Մարգարյանին սիրում են՝ մասնավորապես երիտասարդ կանայք, Ստյոպա Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ահարոն Ադիբեկյանը շատ վտանգավոր հայտարաևություն է արել, որովհետև ինքը նախ պետք է երիտասարդ կնոջ հոգեվիճակը զգա, որ հասկանա՝ ում հանդեպ են սիմպատիա զգում նրանք: Հետո էլ՝ նա առնվազն պետք է վիճակագրական ցուցանիշներ ունենա, նման կանանց ինքնախոստովանության մասին: Ահարոն Ադիբեկյանը պարզապես մեկն է, որը իր մասնագիտության անվան տակ փորձում է լեգիտիմացնել իշխանության վերարտադրությունը: Նա սովորական հպատակ է, ինչպես թաղերում աշխատող… ինչքան էլ ուզում ես տակները «ջիփեր» դիր, միևնույնն է՝ մնում են ստրուկ, որովհետև իրենք անազատ մարդիկ են:
Էդ մարդիկ կարող են լինել սանձարձակ, բայց ոչ երբեք ազատ: Լևոն Իգիթյանն ինչ արեց. նա՝ որպես ռմբարկու, Գագիկ Բեգլարյանի ժամանակ ասում էր, թե ինքը Երևանից տղայա, թաղի տղու տեսակն էր զարգացնում: Բեգլարյանը գնաց, Իգիթյանի համար «король умер, да здравствует король» տարբերակը գործեց:
Կարեն Կարապետյանի քաղաքապետ եղած ժամանակ էլ հակառակն էր ասում: Իրենք սխալմամբ մտավորական անունը կրում են, հետո ի՞նչ»:
Ահարոն Ադիբեկյանը, ըստ Ս. Սաֆարյանի՝ հրամցնում է թվեր, որոնք իշխանության կարծիքով ներկայացնում են հասակարության կարծիքը, այլապես երկու օրը մեկ, ըստ նրա՝ ոչ ոք չէր կարող հարցման արդյունքներ ներկայացնել: