«Հույս ունեինք, որ կեղծարարության մեքենան այդքան արդյունավետ չի աշխատի». Հովսեփ Խուրշուդյան

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն, անդրադառնալով երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասաց. «Մենք ոչ միայն ավելին էինք սպասում, այլև, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս հույս ունեինք, որ կեղծարարության մեքենան այդքան արդյունավետ չի աշխատի: Հակված չեմ որևէ էական գնահատական տալ ԿԸՀ-ի արդյունքների վերաբերյալ, որովհետև իրական պատկերը չերևաց»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ այս անգամ ևս հաջողվեց ազդել ընտրությունների արդյունքների վրա, երբ մինչ մայիսի հինգը խոսվում էր ընտրությունների ուժեղ վերահսկման մասին, Հ. Խուրշուդյանն ասաց. «Ի տարբերություն նախագահական ընտրությունների, որտեղ վերահսկման, ձայները պահելու հիմնական ծանրաբեռնվածությունը մեզ վրա էր, այս անգամ ոչ իշխանական ուժերը տեղամասերի ներսում համագործակցեցին միմյանց հետ ու այն խախտումները, որոնք իշխանությունները փորձ էին անում իրականացնել, մենք հիմնականում կարողացել ենք կանխել: Ցավոք սրտի, այս անգամ, երբ մենք կարողացանք ոչ իշխանական ուժերի հետ մեկտեղ շատ թե քիչ կանխել ու չեզոքացնել կեղծարարությունը ընտրատեղամասի ներսում, դրանից դուրս տեղի ունեցած խախտումները իրենց դերը խաղացին:

Ընտրակաշառքը իր դերը խաղաց: Կար նաև հիասթափված մարդկանց մի զանգված, որոնք չգնացին ընտրության ու դա ևս բերեց ընդդիմության ձայների նվազեցմանը: Իսկ ընտրատեղամասերից դուրս կատարվող խախտումների, պետք է արձագանքեին իրավապահ մարմինները, բայց նրանք հերթական անգամ իրենց անգործությունը ցուցաբերեցին՝ չնայած նրան, որ մենք կոնկրետ դեպքերով ուղղություն ցույց տվել ենք»:

Մեր այն հարցին, թե կա՞ մտադրություն բողոքարկել արդյունքները, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մի քանի ժամվա մեջ, հավանաբար, մինչև 18:00-ն, իրենք այդ մասին որոշում կկայացնեն: Իսկ ինչ վերաբերում  է նրան, թե հնարավո՞ր է, որ «Բարև, Երևան»-ը չվերցնի մանդատները, Խուրշուդյանն ասաց, որ պետք է սպասել, մինչ կամփոփվի գործընթացը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս