Ինչո՞ւ են ցուցակագրում ընտրողներին (տեսանյութ)

Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 23 և 24 շենքերի բակերի տաղավարներից մեկում մի քանի կին ու տղամարդ էին հավաքված, որոնց ձեռքին ցուցակներ կային:

168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ցուցակներ են դրանք, ինչո՞ւ են կանայք նշումներ անում: Կանանցից մեկը մեր հարցից անակնկալի եկած՝ անմիջապես հավաքեց ցուցակներն ու սկսեց հեռանալ: «Բարև, Երևան» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ֆիլիպ Արզումանյանից, ով այդ պահին նկարում էր, տղամարդկանցից մեկը պահանջեց անջատել տեսախցիկն, չնկարել իրենց ու զարմացավ. «Հետո ի՞նչ, որ ցուցակներ են»:

Բնակիչներն այդպես էլ չխոստովանեցին, թե ինչ ցուցակներ են՝ պարզապես ասացին. «Դե ցուցակներ են, ուղղակի նշում ենք լուրջ բան չկա, ոչ մի վատ բան չի ներկայացնում»:

Ի դեպ, հենց տաղավարի դիմաց գտնվում էր ՀՅԴ ընտրական շտաբը: Մեզ հետ զրույցում ՀՅԴ Աջափնյակ վարչական շրջանի շտաբի ներկայացուցիչ Աշոտ Սիմոնյանը, ինչպես ինքը ներկայացավ, ասաց, որ թաղամասում համատարած ընտրակաշառքի դեպքեր են գրանցվել. «Ամեն քայլափոխի մարդկանց ձեռքներին ցուցակներ են. բիսետկաներում ցուցակ, մեքենաներում ցուցակ: Մենք ահազանգել ենք, արձանագրել ենք, աշխատել ենք գոնե ցրել, որ ամաչեն, ամոթ ունենան տենց բացահայտ չանեն»:

Մեր հարցին, թե հենց Ձեր դիմաց մարդիկ են նստած ցուցակներով, ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում, նա պատասխանեց. «Դիմացն էլ կա, հետևն էլ կա, կողքն էլ կա: Ամեն տեղն էլ նույն վիճակն է»:

Մանրամասները 168.am-ի տեսանյությում:

Տեսանյութեր

Լրահոս