«Ռազբորկա» 8/8 տեղամասում
Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասում քիչ առաջ վիճաբանություն սկսվեց «Առաքելություն» կուսակցության վստահված անձ Վահագի, ՀՀԿ-ի վստահված անձ Մեսրոպ Մանուկյանի և Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի միջև: Ինչպես փողանցում է Aravot.am-ը, Կ. Հարությունյանը երկակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, իսկ նրա ահազանգը վերը նշված վստահված անձինք համարեցին պրովոկացիա: Մինչդեռ դեպքը հաստատեց հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Գոհար Աթաբեկյանը և ԲՀԿ-ական հանձնաժողովականը, որը չցանկացավ ներկայանալ: Դեպքը կանխվեց, երկրորդ անգամ քվեարկել պատրաստվողին դուրս հրավիրեցին տեղամասից: ՀՀԿ-ական հանձնաժողովական Նունե Վարդանյանն էլ դժգոհեց «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչից՝ պնդելով, որ առավոտից սադրում է. «Բնակիչների ներվային համակարգի վրա են ազդում, ոչ մի խախտում չեն նկատում, բայց անհիմն մեղադրանքներ են ներկայացնում»: «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչիչը պնդում է, որ «Առաքելության» վստահված անձը՝ Վահագը, որը չի ցանկանում ներկայանալ, համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Վեճն այնքան թեժացավ, որ «Առաքելության» վստահված անձը Կ. Հարությունյանին դուրս հրավիրեց տեղամասից՝ դրսում շարունակելու «ռազբորկան»: Քիչ առաջ տեղամաս այցելեց նաև ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ականներին ցուցումներ տվեց, հեռացավ:



