Բաժիններ՝

Թենի Մաթյան. Եթե ես այսօր հայրենիքում եմ և ոչ՝ այլ երկրում, նշանակում է՝ ոգեշնչման հանգամանք կա (լուսանկարներ)

«Ասում են՝ գեներով հայրիկիս եմ նման, նա շատ արվեստասեր մարդ է: Մայրս էլ միշտ ասում է, որ փոքր տարիքում ինձ ոչինչ չէր հետաքրքրում, բացի նրանից, ինչը կապված էր հայկական երաժշտության, պարի հետ: Ընդհանրապես բոլոր ծնողները սիրում են, որ իրենց երեխաները և՛ երգեն, և՛ պարեն, և՛ նվագեն: Մայրս միշտ ասում է, որ այնքան հաստատ էր իմ ուղղվածությունը, որ մի վայրկյան չի կասկածել, թե ինձ պարի դասերի տանելով, հնարավոր է, սխալ բան է անում,- 168.am-ի հետ զրույցում ասաց ծնունդով Իրանից, բայց հայրենիքում հաստատված՝ ժամանակակից պարի և ռեժիսուրայի մասնագետ Թենի Մաթյանը՝  ավելացնելով,- Փոքր տարիքից հաճախել եմ «Մադամ Ելենայի» հայկական դպրոցը: Չեմ հիշում մի դեպք, երբ պարի դասից բացակայած լինեմ: Երբ դպրոցն ավարտեցի և ընդունվեցի բուհ, ընտրության տարբերակ ունեի: Ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ պարի ճանապարհով շարունակել և գնալ Հայաստան: Ասեմ, որ լավ խելք ունեի, և այս դեպքում սխալ էր «Խելքը ոտքերի մեջ է» արտահայտությունը (ժպտում է. Գ.Ա.):

Քանի որ ծնողներս էլ շատ հայրենասեր մարդիկ են, չընդդիմացան, և ես եկա Հայաստան, ընդունվեցի Մանկավարժական համալսարանի պարային բաժինը: Ավարտելուց հետո մեկնեցի Անգլիա, որտեղ մասնագիտացա երկու ուղղությամբ` որպես մանկավարժ` փոքր տարիքի երեխաների հետ աշխատելու համար, և ուսումնասիրեցի նաև ժամանակակից պարը, որպեսզի այն ևս կարողանամ դասավանդել: Անգլիան որոշ բաներ իմ մեջ արթնացրեց, բայց որոշ բաներ էլ ետին պլան մղեց: Արևելքի շունչն ու ոգին խամրեց, իմ մեջ մտավ սառը եվրոպական շունչը: Բայց երբ Հայաստան եկա, այն ամենն, ինչը երկրորդ պլան էր մղված, կրկին առաջ եկավ»:

Թենին պատմում է, որ պարելուց շատ սիրում է բեմադրություններ անել: Ասում է, որ, երբ հետադարձ հայացք է գցում, տեսնում է, որ շատ է սիրել բեմադրություններ անել:

– Թենի, ասացիք, որ շատ եք սիրում երեխաների հետ աշխատել: Նրանց հետ աշխատելը շատ պատասխանատու, դժվարին աշխատանք է: Դուք ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքը:

Կարդացեք նաև

– Հիշում եմ, որ փոքր տարիքում ով մեր տուն էր գալիս, պետք է անպայման իմ աշակերտը լիներ: Մանկավարժական հոգին իմ մեջ միշտ եղել է: Երեխաների հետ աշխատելու սերը երևի թե մարդու հետ միասին ծնվում է: Նրանց հետ աշխատելը բավականին մեծ համբերություն, տրամադրություն է պահանջում, որպեսզի, երբ դու դահլիճում ես գտնվում, անկախ քո առօրյա հոգսերից, չփոխանցես այն երեխաներին: Նրանք միշտ սիրում են իրենց ուսուցչին գունավոր, ժպիտով, էներգիայով լեցուն տեսնել: Պետք է կարողանաս կտրվել առօրյա կյանքից, գալ մի աշխարհ, որը և՛ մեծ էներգիա է խլում, և՛ միաժամանակ տալիս է շատ դրական լիցքեր: Ինչքան էլ հոգնեցուցիչ աշխատանք է, ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց իրենց:

Teni (3)

Դուք դասավանդում եք նաև Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Ուսանողների մեջ պոտենցիալ տեսնո՞ւմ եք:

– Պոտենցիալ կա, բայց չկա բազա: Իմ նպատակն է՝ ուսանողներին տալ հնարավորինս մեծ բազա, որպեսզի իրենք կարողանան կառուցել այն ամենը, ինչը կոչվում է ժամանակակից պարարվեստ: Փորձում եմ փոխել նաև աշխատաոճը: Չնայած միշտ ասում եմ, որ յուրաքանչյուր մարդու աշխատաոճը գալիս է իր բնավորությունից: Փորձում եմ Հայաստանում դասավանդման մեթոդիկան էլ ժամանակակից դարձնել, այսինքն՝ ուսանողները դասի ընթացքում արդեն սկսեն մտածել, շարժվել ժամանակակից շնչով, անգամ հագնվեն այդպես, և այլն: Ես, իհարկե, շատ սիրում և հարգում եմ մեր հայկական ավանդույթները, չեմ ցանկանում որևէ բան փոխել, բայց եթե ցանկանում ես, որ ռեժիսորական միտքը ժամանակակից լինի, դու ինքդ այդ շունչը պետք է քո ներսում զգաս:

Teni (2)

Ի՞նչ եք կարծում՝ պարային ռեժիսորն ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի:

– Առաջին հերթին՝ պետք է ինքնատիպ լինել: Յուրաքանչյուր ռեժիսոր պետք է ունենա իր ձեռագիրը, գտնի իր մեջ ինչ-որ հետաքրքիր բան, որն իրեն կբնութագրի:

Որպես ռեժիսոր՝ սկզբում ստեղծում եմ շարժումները, հետո փորձում եմ հարմար երաժշտություն գտնել: Չեմ սիրում, երբ երաժշտությունն է թելադրող լինում, քանի որ այն ինչ-որ առումով սահմանափակում է ինձ: Բեմադրությունների մեջ սիրում եմ, երբ թեմատիկա է լինում, այն պետք է ինչ-որ բան փոխանցի: Չեմ սիրում որևիցե մեկից որևէ բան կրկնօրինակել, ինքնատիպությունը պետք է առաջնային լինի:

Teni (4)

Ռեժիսորները պետք է նաև շատ կազմակերպված լինեն: Ես հասկացել եմ, որ շատ բարդ է մարդկանց համախմբելը: Ինձ համար կարևոր է նաև մարդկային որակը: Հավատացեք, դա ներկայացման մեջ զգացվում է: Այն միջավայրում, որտեղ ես պետք է աշխատեմ, դրական պետք է լինի, այլապես շունչս չի հերիքի:

Սովորաբար սփյուռքահայերը Հայաստանի նկատմամբ այլ զգացողություններ ունեն: Մեր երկիրը Ձեզ համար ոգեշնչման առիթ հանդիսացե՞լ է:

– Միշտ: Եթե ես այսօր հայրենիքում եմ և ոչ՝ այլ երկրում, նշանակում է՝ ոգեշնչման հանգամանք կա: Սփյուռքահայ ծնողներն անհնարինն են անում, որ իրենց երեխաները հայեցի մեծանան: «Ներդուրս» ներկայացման միջոցով փորձեցի ցույց տալ բոլոր այն մասնիկները, որոնք յուրաքանչյուր ընտանիք փորձում է յուրովի փայփայել, գուրգուրել և Հայաստան հասցնել: Սերը, կարոտը, պատասխանատվության զգացումը, որոնք ունենք մեր հայրենիքի նկատմամբ, հիմք են հանդիսանում, որ ինչքան էլ բացասական բաներ լինեն Հայաստանում, կարողանաս աչքդ փակել դրանց վրա ու նոր կյանք սկսել: Չեմ կարծում, որ նույնը կմտածեի, եթե ուրիշ տեղ լինեի: Փորձում եմ հնարավորինս ինձ չզատել Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայից, չնայած շատ դեպքեր են լինում, երբ այն զգացողությունը, որ դու սփյուռքահայ ես, զգում ես:

Բնական է, որ լինում են նաև հիասթափություններ: Մտածե՞լ եք, որ եթե Հայաստանում չլինեիք, ինչպե՞ս կդասավորվեր Ձեր կյանքը:

– Հիասթափություններ շատ-շատ են լինում, ավելի, քան դրական լիցքերը: Հայաստանում իսկապես դժվար է, բայց իմ բախտը բերել է նրանում, որ ես չափից շատ համբերատար եմ: Ցավալի է, երբ ցանկանում ես վերադառնալ Հայաստան ու ինչ-որ բան փոխել, բայց տեսնում ես, որ դա այստեղ չի գնահատվում: Միևնույն ժամանակ էլ չեմ կարող մտածել, որ եթե Հայաստան չգայի՝ ինչպե՞ս կդասավորվեր իմ կյանքը: Այս տարիների ընթացքում ինչի որ հասել եմ այստեղ, տվել է ինձ մեծ գանձ՝ հոգևոր բավարարվածություն: Հիմա հոգիս, խիղճս հանգիստ են, որովհետև փորձել եմ իմ հնարավորությունների սահմանում ինչ-որ բան անել:

Teni (7)

Teni (6)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս