Նոր մանրամասներ՝ Նոր Նորքում «Բարև Երևանի» քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում շտապ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարև, Երևան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում:
168.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այդ անձնավորությունը հեռախոսահամար էր թողել ակտիվիստների մոտ։ Սաֆարյանը զանգել ու զրուցել է Վարդանի հետ։ Ասել է, որ գնահատում է վերջինիս համարձակությունն ու շիտակությունը, քանի որ քարոզարշավը խոչընդոտող ոչ բոլորն են իրենց հեռախոսահամարը թողնում, սակայն զգուշացրել է, որ նրա արարքը քրեորեն պատժելի է։ Սաֆարյանի զրուցակիցը այդ դիտարկմանն ի պատասխան նշել է, որ դա իրեն չի հետաքրքրում. որտեղ ուզում են թող բուկլետ բաժանեն, բայց այդ տարածքում չպետք է բաժանեն։
Ըստ Սաֆարյանի, երբ ոստիկանները ժամանել են, այդ վայրում հավաքված տղաները ցրվել են, իսկ Վարդան անունով ներկայացած անձնավորության հեռախոսահամարը դարձել է անհասանելի և հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել։ Ս. Սաֆարյանը նշեց, որ նրա անձը և կուսակցական պատկանելությունը պարզել հնարավոր չի եղել, սակայն ենթադրում է, որ վերջինս ՀՀԿ-ական է։
Ավելացնենք, որ այս պահինքարոզարշավը Նորքի 5-րդ զանգվածում խաղաղ է ընթանում։ Սաֆարյանը տեղեկացրեց, որ միջադեպից հետո ոստիկանները պատրաստակամություն են հայտնել մինչև ժամը 15։30 ուղեկցել ակտիվիստներին, որից հետո ինքը պետք է գնա ոստիկանական բաժանմունք և բացատրություն տա տեղի ունեցածի մասին։