Բաժիններ՝

Կառավարությունը հերթական անգամ մերժեց Բագրատյանին

Կառավարությունն այսօր քննարկեց «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագիծը և մերժեց դրա ընդունումը:

Ներկայացնելով օրինագիծը Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ օրինագծում հեղինակն առաջարկում է արգելել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում:

«Ընդհանուր առմամբ կողմ լինելով գաղափարին, որ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մուտքը սահմանափակենք հանքարդյունաբերության ոլորտ, կարծում ենք, որ օրենքի նախագիծը տվյալ կերպով չունի այն իրավական կառուցվածքը և օրենսդրական տեխնիկան, որպեսզի հնարավորություն տա այդ սահմանափակումներն իրականացնել»,- հիմնավորելով օրինագիծը մերժելու կառավարության որոշումը նշեց Վաչե Գաբրիելյանը:

Հարցի քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց ՀՀ-ում ներդրումներ եւ ՀՀ-ից արտահանում կատարող օֆշորային ձեռնարկությունների նկատմամբ խիստ վերահսկողության անհրաժեշտությունը:

«Դրանց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների եւ պարտավորությունների կատարումից և այդ տեսակետից պարոն Բագրատյանի առաջարկությունները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք, և պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները կարծում եմ հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ ավելի արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»,- հարցի քննարկումը եզրափակեց կառավարության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս