Բաժիններ՝

Ադրբեջանում փոփոխվել է նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն ուղումներ է մտցրել Ընտրական օրենսգրքում, որոնք ենթադրում են փոփոխել առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը:

Բանն այն է, որ նախագահական ընտրությունները նշանակվել էին 2013 թվականի հոկտեմբերի 16-ին, սակայն այս տարի հոկտեմբերի 15-16-ը լինելու են ոչ աշխատանքային օրեր՝ կապված Ղուրբան բայրամի (Զոհաբերության օրվա) տոնման հետ:

Այդ պատճառով էլ որոշվել է փոփոխություններ կատարել օրենսդրությունում: Այժմ, եթե ընտրությունների անցկացումը համընկնում է տոնական, ոչ աշխատանքային օրվա հետ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը տեղափոխում է ամսվա մեկ այլ օր:

Այս ուղղումն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից հաստատվելուց և պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո: Օրինագծում, սակայն, չի հստակեցվում, թե քանի օրով է տեղափոխվում ընտրությունների անցկացման ժամկետը: «Իրավունք և զարգացում» կենտրոնի ղեկավար Հաֆիզ Հասանովի կարծիքով՝ ընտրությունները պետք է տեղափոխվեն ավելի ուշ ժամկետ:

Նա առավել մտահոգիչ է համարում Սահմանադրությունում կատարված այն ուղղումը, որն առնչվում է ընտրությունների չեղյալ հայտարարման հնարավորությանը՝ կապված ռազմական գործողությունների սկսվելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս