Նոր սկանդալ խորհրդարանում

Հայաստանի խորհրդարանում հասունանում է նոր սկանդալ. պատգամավորները պայքարում են Բրյուսել մեկնելու ուղեգրի համար: Տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողների քանակը՝ անհամեմատ մեծ: Կրքերն այնքան են շիկացել, որ հանգուցալուծումը կարող է ճակատագրական լինել որոշ պատգամավորների համար. նրանցից ոչ ոք չի ուզում կոտրվել:

Մայիսի 25-30-ը Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի`Եվրանեսթի հերթական նիստը: Այս միջազգային խորհրդարանական կազմակերպության կանոնադրության համաձայն՝ այն կազմված է 120 պատգամավորից: Նրանցից 60-ը Եվրախորհրդարանի պատգամավոր են, իսկ 10-ական պատգամավոր ներկայացնում են Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների խորհրդարանները: Քանի որ Բելառուսի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունն այս կառույցին առկախվել է, մնացել են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Մոլդովան: Սա նշանակում է, որ մայիսի 25-ին Բրյուսել պետք է մեկնի Հայաստանի խորհրդարանի 10 պատգամավոր: Բայց ովքե՞ր պետք է լինեն այն երջանիկներն, ովքեր Բրյուսել մեկնելու ուղեգիր կստանան:

Յուրաքանչյուր խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանի ղեկավարը ձևավորում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակությունների կազմը: Եվրանեսթի պատվիրակությունը ևս կարծես թե ձևավորված է: Բայց ձևավորված է այնպես, որ մինչև վերջ հասկանալի չէ, թե ովքեր պետք է մեկնեն վեհաժողովների նիստերին:

Նախ՝ սկսենք նրանից, որ պատվիրակությունը ոչ թե 10 հոգանոց է, այլ՝ 18, ընդ որում, նրանցից 11-ը պատվիրակության հիմնական անդամ են, իսկ 7-ը՝ փոխարինող: Անհասկանալի է, թե ինչու է հիմնական կազմը 11 հոգանոց, եթե պետք է 10 հոգի մասնակցի վեհաժողովի նիստին: Ի՞նչ սկզբունքով պետք է որոշվի, թե ով է այն մեկը, ով հիմնական կազմից չպետք է մասնակցի նիստին: Մյուս կողմից՝ փոխարինող կազմի անդամները չեն համարում, որ իրենք պետք է Բրյուսել մեկնեն միայն այն դեպքում, երբ հիմնական կազմի անդամն ինչ-ինչ պատճառով չի կարող մեկնել: Նրանք պատրաստվում են հիմնական կազմին փոխարինել, առանց որևէ պատճառի. նկատի ունենալով իրենց անձնական արժանիքները:

Ովքե՞ր են այն 10 երջանիկները, որ պետք է մեկնեն Բրյուսել, և ովքե՞ր են այն դժբախտ 8-ը, որ մնալու են Հայաստանում: Առաջիկա 25 օրերի ընթացքում հենց այս խնդրի լուծման վրա է աշխատելու հայ քաղաքական և խորհրդարանական միտքը: Ճիշտն ասած, հարցն ամենահեշտ լուծվողներից չէ, քանի որ պատգամավորներից յուրաքանչյուրը պնդում է, որ հենց ինքն է այն արժանավորը, ով պետք է ներկայացնի Հայաստանն այդ միջազգային կառույցում, որ հենց իր ներկայությունն է, որ զարդարելու է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովը, որ եվրոպացի պատգամավորները գերվելու են հենց իր անզուգական հմայքով: Կանայք պահանջում են, որ տղամարդիկ ավելի զիջող լինեն, կանանց մեջ պայքար է գնում, թե իրենցից ով է ավելի ինտելեկտուալ, ով է ավելի մեծ չափով ծառայություններ մատուցել կուսակցությանը և կառավարությանը, ում ելույթներն են եղել առավել բոցաշունչ և համոզիչ:

Այս պատվիրակության ղեկավարն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն է: Սակայն պատգամավորները պնդում են, որ նա ոչինչ չի որոշում, և պատվիրակության կազմը որոշողն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Հենց նրան են ամեն օր այցելում պատվիրակության անդամները և փորձում ներկայացնել Բրյուսել մեկնելու  իրենց առաջնահերթ իրավունքները:

Միակ լուծումը կարող է լինել վիճակահանությունը. ԱԺ նախագահը կարող է մի կողմ դնել բոլոր պայմանականությունները և առաջարկել, որ վիճակահանությամբ որոշվեն ուղեգրերի հաղթողները: Այլ ճանապարհ կարծես թե չի մնացել, քանի որ, եթե ԱԺ նախագահն իր վրա վերցնի որոշելու պատասխանատվությունը, ապա կդառնա այն մարդկանց անձնական թշնամին, ում կզրկվի Բրյուսել մեկնելու հնարավորությունից: Իսկ ԱԺ նախագահն աշխատում է ամեն ինչ անել, որ լավ հարաբերություններ պահպանի բոլոր պատգամավորների հետ: Հենց դրա արդյունքում է, որ 10 հոգանոց պատվիրակությունը հիմա 18 անդամ ունի:

Հայ պատգամավորների մեծ մասը չունի այլ երազանք և ձգտում՝ քան մեկնել արտասահմանյան գործուղումների, որը նրանց կյանքի և գոյության միակ նպատակն է: Եվ միակ ճանապարհը՝ լուծել նրանց միջև այս առիթով անընդհատ ծագող վեճերը, կարող է լինել միայն այն, որ խորհրդարանը որոշում կայացնի, որ իր նիստերն անցկացնում է Բրյուսելում կամ Ստրասբուրգում: Այդ դեպքում բոլոր 131-ն էլ կլինեն գոհ և բավարարված, չեն լինի անիմաստ վեճեր և սկանդալներ, այլ կտիրի կատարյալ համերաշխություն և փոխըմբռնում:

Տեսանյութեր

Լրահոս