Վահան Բաբայան. «Ժառանգությունն» իր նախընտրական «պրավալը» ուզում է բարդել ուրիշների վրա
ԲՀԿ-ն բոլոր հնարավոր միջոցները, տարբերակները օգտագործեց, որպեսզի հանրությունը ծանոթանա ԲՀԿ-ի ծրագրերին մոտեցումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նա ԲՀԿ-ի քարոզարշավի ընդհանուր ընթացքը դրական գնահատեց՝ հավելելով այն կամփոփեն իրենց վաղվա բազմահազարանոց հանրահավաքում:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում ու սխալ վայրերում է փակցնում նախընտրական քարոզչական պաստառները, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն ասաց.
«Եթե «Ժառանգություն» կուսակցությունը կամ այդ կուսակցության ներկայացուցիչը, այդ թվում՝ ցուցակում ընդգրկված կամ չընդգրկված, հայտարարություններ է անում, պետք է դիմի համապատասխան մարմիններին, եթե ունի նման փաստեր: Առանց փաստերի՝ օդի մեջ խոսելով, ամեն մարդ կարող է ամեն տեսակի հայտարարություններ անել, իսկ մենք չենք ընդունում դա: Ես ցավում եմ, որ «Ժառանգություն» կուսակցության տվյալ ներկայացուցիչը էն կարգի անլուրջ մարդ դուրս եկավ, որ հայտարարում է, թե ընտրակաշառք ենք բաժանում: Անիմաստ է խոսել ու մարդկանց վարկաբեկել. չի կարելի, թե փաստեր չունեք:
Թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կուսակցությունը չկարողացան քաղաքի նախընտրական կամպանիայում իր հույսերն արդարացնել ու ընդհանրապես հույսերը արդարացնել, հիմա էլ փորձում է ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտե՞լ: Սա անհարիր մոտեցում է: Եթե ունեն փաստեր, թող հայտարարեն, իսկ եթե օդի մեջ ասում են, թե ԲՀԿ-ն փող է բաժանում, հետո էլ ասում են՝ չենք կարող անուններ տալ, որովհետև վախենում ենք, սա սխալ մոտեցում է: Իրենց նախընտրական պրավալը, որը հստակ հիմա երևում է, ուզում են բարդել ուրիշների վրա, այդ թվում օրեցօր հզորացող ու բարձր վարկանիշ ունեցող կուսակցության վրա: Սրանք «Ժառանգության» վերջին փրփուրներն են»: