
Իրանցիները բաժնետե՞ր են, թե՞ միանձնյա սեփականատեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Արագածոտնի մարզի Ուջան գյուղի հատվածում, բազմաթիվ գյուղացիներ այսօր ակցիա էին կազմակերպել`բողոքելով խմելու ջրի մատակարարման պայմաններից: 168.am-ին քիչ առաջ ուջանցիները տեղեկացրել են, որ Ամբերդ գետի վրա կառուցված հէկ-երի պատճառով իրենք 3-4 օրով զրկվում են խմելու ջրից, իսկ ստանալու դեպքում էլ այն կեղտոտ է լինում: Նրանք նաև նշել են, որ իրենց տեղեկություններով, հէկ-երը պատկանում են իրանցիների:
168.am-ը հէկ-երի և դրանց պատճառած վնասների վերաբերյալ պարզաբանում խնդրեց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանից: Նա ասաց, որ այսօրվա ակցիայի մասին տեղեկացել է մամուլից, սակայն այս պահի դրությամբ մանրամասն տեղեկություններ չի կարող տրամադրել, քանի որ Հայաստանում կան 140-ից ավելի փոքր հէկ-եր:
Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ Ամբերդ գետի վրա կառուցված «Ամբերդ 1», «Ամբերդ 2» և «Ամբերդ 3» հէկ-երը եվրոպական կամ գերմանական զարգացման բանկերի ծրագրերի մեջ են մտնում: «Ես հաստատ գիտեմ, որ «Ամբերդ 1», «Ամբերդ 2» և «Ամբերդ 3» հէկ-երը մտած են «Ամբերդ կասկադ» մզմ (մաքուր զարգացման մեխանիզմ) ծրագրի մեջ: Դա նշանակում է, որ շահագործումից հետո կստանան իրավունք էլեկտրաէներգիայի իրենց քվոտաները վաճառել միջազգային շուկայում»,- 168.am-ին ասաց «Էկոլուրի» նախագահը: Ինչ վերաբերում է իրանցիներին, ապա նրանք, ըստ իր ունեցած տեղեկությունների, բաժնետեր են, և ոչ թե՝ միանձնյա սեփականատեր: